22.11.2024
Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են քննարկել միջնորդների առաջարկները
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը ներկայացնում է հորինված գաղափարներ - Հայաստանի ԱԳՆ

Ադրբեջանը փորձում է բանակցությունների իմիտացիա ստեղծելուն ուղղված իր կողմից հորինված գաղափարները ներկայացնել որպես համանախագահների առաջարկություններ։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը՝ ի պատասխան Panarmenian.net լրատվական կայքի հարցի, թե Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ Հայաստանը մերժել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Բաքվի հորդորով Երևանում արված ինչ-որ առաջարկներ՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առաջարկները ներկայացված են այդ երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ղեկավարների հինգ հայտնի հայտարարություններում։ Ինչպես բազմիցս նշել ենք, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը պատրաստ է այդ առաջարկությունների հիման վրա շարունակել հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված բանակցությունները։

Դրա համար առաջին հերթին, ինչպես իրենց հայտարարություններում ընդգծել են եռանախագահ երկրների ղեկավարները, հարկավոր է արագացնել Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ձեռք բերումը, որից հետո հնարավոր կլինի սկսել խաղաղության պայմանագրի մշակումը։ Համանախագահները տարածաշրջան իրենց այցելության արդյունքների մասին այսօր հրապարակված հայտարարության մեջ տեղեկացնում են, որ կողմերին են ներկայացրել հրադադարի ամրապնդմանն ուղղված առաջարկներ։ Արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է այդ առաջարկություններն ընդունել։ Մինչ այսօր այդ կարգի բոլոր առաջարկությունները Բաքվի կողմից մերժվել են», - հավելել է ՏԻգրան Բալայանը։