ԵՏՀ-ն հավանություն է տվել ԵԱՏՄ գյուղարտադրանքի մրցունակության վերլուծության մեթոդիկային
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիան հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում գնային մոնիթորինգի անցկացման եւ անդամ երկրներում արտադրվող գյուղատնտեսական ու սննդի արդյունաբերության արտադրանքի մրցունակության վերլուծության մեթոդիկային, հայտնում են ԵՏՀ մամուլի ծառայությունից:
Գնային մոնիթորինգը կանցկացվի այն արտադրանքի համար, որը մտնում է գյուղատնտեսական եւ սննդի արդյունաբերության արտադրանքի անվանացանկի մեջ, որն ավելի վաղ հաստատել է ԵՏՀ Խորհուրդը: Դրանք հացաբույսերն են, հատիկավոր եւ բանջարաբոստանային բույսերը, կարտոեֆիլը, մրգերը եւ հատապտուղները, միսը եւ կաթնամթերքը, ձուն, ձուկը, նպարեղենի որոշ ապրանքներ:
Մեթոդիկայի հիմքում դրված է արտադրանքի մրցունակության համալիր ցուցանիշի հաշվարկը` ըստ արտադրողների միջին գների, արտահանման եւ ներմուծման գների, արտադրության ծավալի, այդ թվում` բնակչության մեկ շնչին բաժին ընկնող արտադրության արտահանման: Դրանից զատ, արտահանման եւ ներմուծման արժեքի ծավալների հիման վրա են որոշվում արտաքին շուկաներում արտադրանքի մրցունակության ցուցանիշները:
Գների մակարդակի եւ դրանց դինամիկայի վերաբերյալ տեղեկությունների վերլուծության համար կօգտագործվի Միության եւ անդամ երկրների պաշտոնական վիճակագրության տեղեկատվությունը, UN Comtrade ապրանքների առեւտրի վիճակագրական տեղեկությունները: Վերլուծվող ժամանակահատվածներն են ամիսը եւ տարին:
Գնային մոնիթորինգի եւ Միության անդամ երկրներում արտադրվող արտադրանքի մրցունակության վերլուծության ընթացքում ստացված տվյալները կօգտագործվեն Միության անդամ երկրների ագրարային ընդհանուր շուկայի եւ արտահանման զարգացման համար: