Համանախագահները Բաքվում են, Ադրբեջանը սպառնում է պատերազմով
Հայ-ադրբեջանական հակամարտության մասով Ադրբեջանի դիրքորոշումը պարզ է ու հայտնի է բոլորին: Այն հայտնիէ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ՄԱԿ Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին ու միջազգային հանրությանը: Ադրբեջանի դիրքորոշումը մեկն է՝ երկրի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Ալի Հասանովը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Բաքու:
Նա նշել է, որ Բաքուն հասկանում է՝ ինչ է փոխզիջումը, փոխնախագահ անդամ երկրների և միջազգային տարբեր կազմակերպությունների դիրքորոշումները: Բայց հիմնական հարցը տարածքային ամբողջականության սկզբունքն է.
«Մենք երբեք չենք հրաժարվի այդ սկզբունքից: Նախագահ Ալիևը բազմիցս է հայտարարել, որ Ադրբեջանը մի թիզ անգամ չի զիջի երբեք և ոչ մեկին: Միևնույն ժամանակ մենք պատրաստ ենք հասնել տարածաշրջանում կառուցողական խաղաղության», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան:
Անդրադառնալով բուն այցին Հասանովն ասել է, որ այն ուղղված է կողմերի դիրքորոշումների ճշգրտմանը և բանակցություններում առաջընթացի արձանագրմանը.
«Մենք կարծում ենք, որ ցանկացած ձևաչափով անցկացված հանդիպումը նպաստում է ընդհանուր մոտեցումների որոնմանը: Դրանք վաղ թե ուշ կգտնվեն, հակառակ պարագայում՝ պատերազմ և ադրբեջանական բանակի կողմից Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների ազատագրում»,- սպառնացել է նա:
Հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այցով ժամանել են Բաքու: Նրանք արդեն հանդիպել են երկրի ղեկավարի հետ: