25.11.2024
Բաքվի ակտիվությունը ճնշելու համար Արցախի ՊԲ-ն դիմել է պատասխան գործողությունների
prev Նախորդ նորություն

ԱԳՆ. Սադրանքներով Բաքուն արձագանքում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությանը

Ադրբեջանն այսպիսի սադրանքներով է արձագանքում ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեական հայտարարությանը` ի ցույց դնելով իր ողջ արհամարհանքը: Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ, որն արտաքին հարաբերությունների գերատեսչությունը տարածել է արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակի լարման կապակցությամբ: 


Նախ ԱԳՆ-ն խորին ցավակցություն է հայտնել հունիսի 16-17-ին Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում ադրբեջանական զինված ուժերի "կողմից իրականացրած զինադադարի կոպտագույն խախտումների հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին և ծառայակիցներին"։


ՀՀ ԱԳՆ նշում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց վերջին հայտարարության մեջ դատապարտեցին զինադադարի խախտումները` մատնանշելով, որ Ադրբեջանն է առաջինը կրակ բացում: "Ադրբեջանը այսպիսի սադրանքներով է արձագանքում այդ հասցեական հայտարարությանը` ի ցույց դնելով իր ողջ արհամարհանքը", - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:


Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագների այցը Հայաստան և Արցախ: Սա միջնորդների առաջին այցն էր հակամարտության գոտի, ավելի քան մեկ ամիս առաջ տեղի ունեցած հակամարտության հերթական սրացումից հետո: Այդ ժամանակ միջնորդները հանդես եկան հասցեական հայտարարությամբ՝ նշելով, որ զինադադարը խախատել է ադրբեջանական զինուժը, ինչից հետո պատասխան գործողություններ է ձեռնարկել հայկական կողմը:


ԱԳՆ հայտարարության մեջ նաև նշվում է, որ Բաքու համանախագահների այցի նախաշեմին, առանց միջազգային պարտավորություններին համապատասխան ծանուցման լայնածավալ զորավարժությունների անցկացումը, 1994-1995 թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի շարունակական խախտումները, իրավիճակի սրմանն ուղղված նոր քայլերը, Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից միջազգային հանրությանը, առաջին հերթին Մինսկի խմբի համանախագահ երկրներին նետած հերթական մարտահրավերն է, որին համարժեք արձագանքի բացակայությունը կարող է ընկալվել Ադրբեջանի կողմից որպես նոր արկածախնդրությունների խրախուսում։


"Ակնհայտ է, որ Բաքուն, չկարողանալով խաղաղ կարգավորման գործընթացը տանել իր նախընտրած ուղիով, փորձում է առավելության հասնելու պատրանք ստեղծել առաջնագծում, որը նույնպես դատապարտված է ձախողման, և հղի է անկանխատեսելի հետևանքներով, առաջին հերթին իրավիճակի լարումը նախաձեռնող կողմի համար", - ասված է Հայաստանի Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:


Հիշեցնենք, որ Արցախում հունիսի 16-17-ին, ադրբեջանական զինուժի կրակոցի հետեւանքով 4 զինծառայող է զոհվել: Հունիսի 16-ին ժամը 18:05-ի սահմաններում հակառակորդը, ինչպես հաղորդում է Արցախի ՊԲ-ն, հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):


Հունիսի 17-ի առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետեւանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը: