Բաքվի ակտիվությունը ճնշելու համար Արցախի ՊԲ-ն դիմել է պատասխան գործողությունների
Հունիսի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ՝ շփման գծի տարբեր հատվածներում կիրառելով նաեւ 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր ու հաստոցավոր հակատանկային նռնականետեր:
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ մարտական խնդիրը:
Հիշեցնենք, որ Արցախում հունիսի 16-17-ին, ադրբեջանական զինուժի կրակոցի հետեւանքով 4 զինծառայող է զոհվել: Հունիսի 16-ին ժամը 18:05-ի սահմաններում հակառակորդը, ինչպես հաղորդում է Արցախի ՊԲ-ն, հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):
Հունիսի 17-ի առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետեւանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը: