VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«168 ժամ» թերթը գրում է. «Ընդհանուր առմամբ՝ ոչ ոք չի կարող ասել, որովհետեւ անկանխատեսելի փոփոխական գործոններ կան։ Առաջինը՝ նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանո՞ւմ է մնալ պետության ղեկավար՝ դառնալով վարչապետ։ Մենք դեռ չգիտենք դա։ Ինձ թվում է՝ նա դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Երկրորդ գործոնը՝ պառլամենտական համակարգին անցում կատարելու առումով արդյոք կառավարման այս համակարգը մեզանում կարո՞ղ է աշխատել։ Այն դեռեւս փորձարկված չէ, աննախադեպ է։ Մենք բավարար չափով վստահ չենք՝ արդյոք ինստիտուտները՝ խորհրդարանը եւ այլն, կկարողանա՞ն պետությունն ավելի լավ կառավարել։ Ես դրա պատասխանը չունեմ եւ կարծում եմ, որ ոչ ոք չգիտի դա։ Եվ սա նույնպես վտանգավոր է, քանի որ 2018 թ. ապրիլից հետո սկսվում է պոտենցիալ անկայունության շրջան»,- «168 ժամ»-ին ասել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանը՝ մեկնաբանելով, թե 2018 թվականից հետո Հայաստանում քաղաքական զարգացումներն ինչպիսի՞ն կլինեն։
Ըստ նրա՝ երբ նոր Սահմանադրությունը վերջնական ուժի մեջ մտնի, եւ ՀՀ բանակը չունենա գլխավոր հրամանատար, Ղարաբաղի կամ ՀՀ ազգային անվտանգության հետ կապված վտանգներ չկան, սակայն այդ ժամանակ սպառնալիքներ կարող են լինել Ադրբեջանից. «Ընդհանուր առմամբ՝ ոչ, ես չեմ տեսնում որեւէ վտանգ Ղարաբաղի կամ ազգային անվտանգության հետ կապված, բայց այստեղ այլ վտանգ կա, որ Ադրբեջանը կարող է թյուրըմբռնում ունենալ, թե դա լավ ժամանակ է հարձակվելու համար, որովհետեւ Հայաստանն ապակայունացել է եւ թույլ է։ Այսինքն՝ այդ վտանգն ավելի շատ կապված է Ադրբեջանի ռեակցիայի կամ նրա կողմից թյուրըմբռնման հետ»։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանությունը դեռ չի շտապում հայտարարել՝ մեկ շաբաթ առաջ վնասազերծված քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյի թիկնազորի մոտ հայտնաբերված զենքերը օրինակա՞ն են եղել, թե՞ ոչ: Ըստ ոստիկանության հրապարակած տեսանյութի՝ մեքենաների սրահներում եղել են զենք, որի օրինականությունը, սակայն ճշտվում էր: «Այս պահին այդ մասով ոչինչ չունենք ավելացնելու»,-երեկ մեր թղթակցին ասել են ոստիկանությունից: Նշենք, որ մամուլում շրջանառվում է տեղեկությունը, որ Դոն Պիպոյի մահափորձի նախապատրաստման պատվիրատուներից մեկը Արտյոմ Հարությունյանն է՝ քրեական աշխարհում հայտնի Կանեւսկոյը»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Արթիկ քաղաքից ստացված տեղեկության համաձայն՝ նախկին ԲՀԿ-ական եւ ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանը Արթիկից հարկադրված արտագաղթել է կամ փախել: Ինչպես Արթիկում է շրջանառվում, պատճառը մի քանի տարվա պատմություն ունի: Բանն այն է, որ երբ Պետոյանը ԲՀԿ-ական էր եւ վայելում էր Գագիկ Ծառուկյանի բարձր հովանավորությունը, նրանից 2 միլիոն դոլար է վերցրել՝ Արթիկում ինչ-որ գործեր անելու համար, որպեսզի հաջորդ ընտրությունների ժամանակ արթիկցուց քվե խնդրելիս ցույց տա, որ իրենք արած գործեր ունեն: Այս օրերին Արթիկում թիվ մեկ քննարկման եւ խոսակցության թեման այժմ սա է: 2015-ի փետրվարյան հայտնի դեպքերից հետո, երբ ՀՀԿ-ի էլիտան «որակազրկեց» ԲՀԿ-ին, Պետոյանը հայտնի ԲՀԿ-ականների հետ լքել էր սիրելի Ծառուկյանին, բայց մոռացել էր վերադարձնել պարտքով վերցրած 2 միլիոն դոլարը: Այժմ Գագիկ Ծառուկյանը Պետոյանից ետ է պահանջում իր գումարները, սակայն, ինչպես արթիկցիներն են ասում, Պետոյանն ընդհատակ է անցել՝ Ծառուկյանից փախած է ման գալիս: Արթիկից փոխանցված տեղեկության համաձայն, Պետոյանը փախել է Անապա, որտեղ հյուրանոց ունի եւ այժմ էլ ընթանում է վերջինիս շքեղ առանձնատան շինարարությունը: Սակայն, ինչպես Ծառուկյանի շրջապատի աղբյուրներն են պատմում, Գագիկ Ծառուկյանը խոստացել է Պետոյանին գտնել՝ թեկուզ գետնի տակից, եւ ետ վերցնել իր գումարները: Կան տեղեկություններ, որ այժմ ծառուկյանականները գումարներ են ետ պահանջում անգամ Մուշեղ Պետոյանի համակիրներից եւ ընկերներից: Armtimes.com-ը այս տեղեկությունների վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ Մուշեղ Պետոյանից, սակայն վերջինիս բոլոր հեռախոսահամարները անհասանելի են»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը հունիսի 16-ին ավագանու նիստում կհաստատի հաստիքացուցակը, կպահպանվեն բոլոր հաստիքները, դրանից հետո միայն նորընտիր քաղաքապետը վերանշանակումներ կամ նոր նշանակումներ կանի: Մեր տեղեկություններով, հնարավոր է թաղապետի պաշտոնին հրաժեշտ տա Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը: Չի բացառվում, որ նրան տեղափոխեն քաղաքապետարան եւ նշանակեն աշխատակազմի ղեկավար-քարտուղար՝ Սերգեյ Մակարյանի փոխարեն, իսկ վերջինիս՝ քաղաքապետի խորհրդական: Ի դեպ, չի բացառվում նաեւ, որ փոխվի Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես Վարդանյանը՝ Լիդերը, որը նախկինում աշխատել է ՀՀ ոստիկանությունում, ՌՈ-ում, Գլխավոր դատախազությունում: Նա ԱԺ ընտրություններին հօգուտ ՀՅԴ-ի հավաքել էր 1117 քվե, իսկ Երեւանում ՀՅԴ ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ ձայնը ստացել է Դավիթ Լոքյանի որդի Սերգեյ Լոքյանը՝ 2 հազար 524 քվե (Երեւանի Ավան, Նոր Նորք վարչական շրջաններ): Կան տեղեկություններ, որ հայրը ցանկանում է որդուն թաղապետ դարձնել: Հաշվի առնելով նրա մտերիմ հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ, լավատեղյակները նման հեռանկարը չեն բացառում: Ի դեպ, իր պաշտոնին վերադառնալու մասին է երազում նաեւ Արաբկիրի նախկին թաղապետ Հրայր Անտոնյանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսայի՝ Արտավազդ Սարգսյանի եղբորը՝ Կարեն Սարգսյանին, Սեւանի հարկային տեսչության պետի պաշտոնից տեղափոխել են Արմավիրի հարկայինի պետ։ Որոշ ժամանակ առաջ նա դեռ շարքային տեսուչ էր, հետո սրընթաց վերելք ապրեց՝ դառնալով Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ, ապա նշանակվեց Կոտայքի հարկայինի պետ, այնուհետեւ գնաց Սեւանի հարկայինի պետ, այժմ տեղափոխվել է գեներալների մարզ։ Մեկ այլ ուշագրավ նշանակում էլ է եղել՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի աներորդուն՝ Արթուր Խաչատրյանին, նշանակել են Իջեւանի հարկայինի պետ։ Մինչ այդ Մաշտոցի պետի տեղակալն էր։ Նա համակարգում բարեխիղճ աշխատողի համբավ ունի»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս «Ելք» խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ Արա Բաբլոյանը երկար-բարակ բողոքել է, թե ինչ բարդ վիճակում է հայտնվել ինքը։ Ներկայացրել է, որ աշխատակազմի ղեկավարն անընդհատ դիմում է՝ այս չկա, այն չկա, լիքը անելիք կա՝ ֆինանս չկա, կադրերի հետ կապված խնդիրներ կան, տարբեր դժվարություններ։ «Ելքի» անդամները լուռ լսել են Բաբլոյանի բողոքները, իսկ Էդմոն Մարուքյանը հոգոց է հանել. «Ինչ լավ է, որ ես ԱԺ նախագահ չդարձա»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իրավապահները շարունակում են փնտրել Գարեգին Չուգասզյանին: Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» իրադարձություններից անմիջապես հետո՝ 2016-ի ամռանը, շատերը ձերբակալվեցին, իսկ Հիմնադիր խորհրդարանի անդամն անցավ ընդհատակ և դարձավ անհասանելի: Նրա անունը հոլովվում է «Սասնա ծռերի» քրեական գործի շրջանակներում, և, ըստ որոշ տեղեկությունների, նրան անգամ համարում են ՊՊԾ գնդի գրավման կազմակերպիչներից: Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ Չուգասզյանը թեև թաքնվում է, բայց ինտենսիվ կապի մեջ է լրատվամիջոցների հետ՝ պարբերաբար հարցազրույցներ է տալիս լրագրողներին: Հիմնադիր խորհրդարանի անդամներն էլ նրա հետ մշտական շփումներ ունեն, սակայն հատուկ ծառայությունների կողմից ձեռնարկվող միջոցառումները, ՀԽ անդամներին աչալուրջ հետևելն անգամ արդյունք չեն տալիս: Պարզվեց, որ IT տեխնոլոգիաների իմացությունը տվյալ դեպքում կոնկրետ արդյունք է տալիս՝ Չուգասզյանը հենց այդ գիտելիքների շնորհիվ է կարողանում հետքերը թաքցնել: Մեր տեղեկություններով, իշխանությունն այնքան մեծ ցանկություն ունի հայտնաբերելու և պատմելու նրան, որ ոչ մի միջոց չի խնայում, անգամ պատրաստ է նրա կոորդինատները հայտնելու դիմաց մեծ պարգևատրում խոստանալ»: