24.11.2024
ՊԵԿ. ՀՀ-ն դարձել է ՌԴ արգելված բանջարեղենի արտահանման համար ռիսկային երկիր
prev Նախորդ նորություն

Extrim-ի սիրահարներ, զինվեք համբերությամբ. աշխարհի ամենաերկար զիփլայնը կգործի հուլիսից

Հունիսի 20-ին կմեկնարկեն շինաշխատանքները, որոնք կավարտվեն հուլիսի վերջին և աշխարհի ամենաերկար զիփլայնը Ենոքավանի «Yell Extreme Park»-ում կհանձնվի շահագործման: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Yell Extreme Park» նախագծի հեղինակ-համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը:


Նրա խոսքով, Հայաստանում աշխարհի ամենաերկար զիփլայնի կառուցման նպատակով Indiegogo համաֆինանսավորման միջազգային հարթակում մայիսի 4-ից-հունիսի 2-ն անցկացվել է կոլեկտիվ դրամահավաք, որի արդյունքում հավաքվել է 22 հազար 165 դոլար: Ենոքավանում կառուցվող աշխարհի ամենաերկար զիփլայնը կունենա 2680 մ երկարություն և 200-300 մ բարձրություն: Ըստ բանախոսի՝ զիփլայնով թռիչքը կտևի 3-4 րոպե՝ առավելագույնը 120 կմ/ժ արագություն զարգացնելու հնարավորությամբ:


Այսօր Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենաերկար զիփլայնը գտնվում է Պուերտո Ռիկոյում, թեպետ փաստացի ամենաերկար Զիփլայնը Մեքսիկայում է՝ 2545 մ:


«Ենոքավանում՝ նախագծի մեկնարկը տրվել է զիփլայնով, բայց այժմ արդեն ակտիվ հանգիստ նախընտրողներին առաջարկում է նաև պարագլայդինգ, ռոփպարկ, փեյնթբոլ, ձիով արշավներ, արտաճանապարհային տուրեր և այլն»,- ներկայացրեց նա: 


Ի դեպ, Չիբուխչյանը տեղեկացրեց, որ շուտով Արցախում ևս կլինի «Yel Extreme Park», քանզի այնտեղ հրաշալի բնություն է և զբոսաշրջության զարգացման համար առկա է մեծ ներուժ: Արցախում իրականացվելիք նախագծերից մեկը՝ Ստեփանակերտի օդանավակայանի և Yell Extreme Park-ի համատեղ թռիչքների կազմակերպումն Արցախի տարածքում երկտեղանոց ինքնաթիռներով, արդեն իսկ Բաքվի ջղաձգումների առիթն է դարձել: Թռիչքներն իրականացվելու են Ստեփանակերտ-Շուշի երթուղով, իսկ հետագայում թռիչքների աշխարհագրությունը կընդլայնվի՝ ներառելով նաև Գանձասարն ու այլ զբոսաշրջային վայրեր:   


Նշենք, որ «Yell Extreme Park» նախագիծն իրականացվում է 2015 թվականից և նպատակ ունի Հայաստանում խթանել արկածային զբոսաշրջության զարգացումն ու առողջ ապրելակերպը: