ՊԵԿ. ՀՀ-ն դարձել է ՌԴ արգելված բանջարեղենի արտահանման համար ռիսկային երկիր
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարության վերաբերյալ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ համաձայն ՀՀ կառավարության՝ 2015թ. հուլիսի 30-ի N 865-Ն որոշման եւ ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ կնքված համաձայնագրի՝ հանրապետության տարածք 50 կիլոգրամը գերազանցող պտուղ-բանջարեղենի ներկրումը համարվում է ակնհայտ առեւտրային քանակությամբ ներմուծում, որը պետք է իրականացվի համապատասխան մաքսատուրքի եւ հարկերի վճարմամբ:
ՊԵԿ-ից հայտնում են, որ կոմիտեի տվյալներով օրվա ընթացքում մի քանի անգամ անձնական օգտագործման համար թույլատրված քանակով (մինչեւ 50կգ) ներկրում կատարելու եւ կուտակելու ճանապարհով օրական մոտ 8 տոննա բանջարեղեն է մտնում Հայաստան, որն ակնհայտ առեւտրային քանակ է:
Մյուս կողմից՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանի Դաշնությունը երրորդ երկրներից որոշ ապրանքների, այդ թվում՝ բանջարեղենի ներմուծման նկատմամբ միակողմանի սահմանափակումներ է կիրառում՝ ըստ օպերատիվ տեղեկատվության՝ առկա է ռիսկ, որ այդ դրույթը շրջանցելու նպատակով երրորդ երկրներից բանջարեղենը ներկրվում է ՀՀ եւ ապրանքային խմբաքանակների ձեւավորմամբ արտահանվում՝ ձեռքբերված համապատասխան փաստաթղթերով ներկայացվելով որպես հայկական ծագման գյուղմթերք:
Ռուսաստանի մաքսային մարմնի կողմից նման դեպքերի բացահայտման արդյունքում ՀՀ-ից բանջարեղենի արտահանումը համարվում է ռիսկային: Արդյունքում տուժում է տեղական արտադրողը, ով չի կարողանում իսկապես հայկական գյուղմթերքն արտահանել ՌԴ շուկա: Այդ պատճառով ՀՀ մաքսային ծառայությունը օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում հսկողություն է իրականացնում դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանման նկատմամբ՝ երրորդ երկրների ծագման գյուղմթերքը որպես ՀՀ ծագման գյուղմթերք ՌԴ արտահանելու փորձերը կասեցնելու նպատակով: