Սերժ Սարգսյան. ՀՀ-ն կշարունակվի սերտ և արդյունավետ համագործակցությունը ՀԲ-ի և ԱՄՀ-ի հետ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի՝ Բելգիայի և Նիդերլանդների կողմից գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպման մասնակիցների պատվիրակությանը:
Երկրի ղեկավարի խոսքով այսպիսի տարեկան հանդիպումները լավ հնարավորություն են ոլորտի պատասխանատուների և գործընկերների հետ մտքեր փոխանակելու ենթախմբի երկրների հետ փոխգործակցության ընթացքի և զարգացման հեռանկարի, ինչպես նաև համաշխարհային տնտեսության առջև ծառացած խնդիրների ու մարտահրավերների, դրանց հաղթահարման հնարավոր ուղիների շուրջ:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցությունը և կարևորել միջազգային ֆինանսական այդ կազմակերպություններին Հայաստանի անդամակցությունից ի վեր անցած 25 տարիների ընթացքում համատեղ իրականացված ծրագրերը, որոնց շնորհիվ Հայաստանը կարողացել է երկրում ապահովել մակրոտնտեսական և ֆինանսական կայունություն՝ վարելով համակարգված հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականություն, ինչպես նաև իրագործել բարեփոխումներ ամենատարբեր ոլորտներում և դրա հաշվին բարձրացնել Հայաստանի տնտեսության արդյունավետությունը:
Ընդգծելով, որ Հայաստանը նախաձեռնել է երկարաժամկետ զարգացմանը միտված լրջագույն բարեփոխումներ` Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այդ բարեփոխումների շրջանակներում կշարունակվի սերտ և արդյունավետ համագործակցությունը ՀԲ-ի և ԱՄՀ-ի հետ:
Հանդիպման մասնակիցները ևս գոհունակությամբ են խոսել գործընկեր Հայաստանի հետ ավելի քան երկու տասնամյակ իրականացվող փոխգործակցության մասին՝ նշելով, որ պատրաստակամ են շարունակել համատեղ աշխատանքը՝ նոր ձեռքբերումներ արձանագրելու ակնկալիքով: