Նախարարը «Ռուսական ավտոբուսներ»-ին առաջարկել է ուսումնասիրել ՀՀ տրանսպորտային համակարգը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է «Գազ» խմբի «Ռուսական ավտոբուսներ» ընկերության տնօրեն Դմիտրի Պիժիկովին։ Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության համար շահավետ լուծման տարբերակները և նշել, որ հետաքրքիր և փոխշահավետ մոտեցումների դեպքում պատրաստ են համագործակցել։
Նախարարությունից տեղեկացնում են, որ նա առաջարկել է ուսումնասիրել Հայաստանի տրանսպորտային համակարգի առանձնահատկությունները, որից հետո քննարկել երկկողմ համագործակցության հնարավոր ձևաչափը։
Ներկայացնելով ընկերության գործունեությունը, արտադրանքը և ծառայությունների շրջանակները՝ Պիժիկովն ընդգծել է, որ թողարկում են նաև ճանապարհաշինական տեխնիկա, տարբեր տիպի և տեղատարողությամբ ավտոբուսներ, այդ թվում՝ նաև այնպիսիք, որոնք հարմարեցված են հենաշարժական խնդիրներ ունեցող ուղևորների պահանջներին։ Նա հույս է հայտնել, որ առաջիկայում որոշակի ուղղություններով համագործակցության եզրեր կգտնվեն։