ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից սպասելիքն այն է, որպեսզի վերջապես նրանք հասնեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններըի կյանքի կոչմանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով, պատահական չէ, որ Վիեննայում շեշտվեց այն մոտեցումը, որ մինչև կողմերի միջև չձևավորվի վստահության մթնոլորտ՝ անհնարին է բանակցային գործընթացում խոսել առաջընթացի մասին:
«Իսկ այդ վստահության մթնոլորտի բաղկացուցիչ մասը, անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը հենց նա է, որ չկրակեն, սադրանքներ չլինեն, և դրա արդյունքը ժողովուրդը պետք է տեսնի։ Եվ, ըստ էության, Վիեննան և Սանկտ Պետերբուրգը հենց դա են պահանջում»,- ասաց Քոչարյանը:
Փոխարտգործնախարարի հաջորդ անդրադարձը վերաբերում էր օրերս Ճգնաժամային խմբի զեկույցին, որը Արցախում նոր պատերազմը մոտ է համարում: Ըստ պաշտոնյայի՝ զեկույցում ընդամենը արձանագրվեց այն, ինչ կա: Շավարշ Քոչարյանի խոսքով, պատերազմի մասին խոսակցությունները նոր չեն և հենց Բաքուն է տարիներ շարունակ այդ սուրը փորձում թափ տալ: Բայց.
«Շփման գծում լարվածության աճը մտահոգություն է առաջացնում առաջին հերթին հենց միջնորդ պետությունների մոտ, քանի որ երեքն էլ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են և պատասխանատու են խաղաղության համար աշխարհի ցանկացած ծայրամասում, առավել ևս՝ այն կետում, որտեղ միջնորդ են: Ակնհայտ է, որ ապակայունացումը տարածաշրջանում ոչ մեկի պետք չէ»,- հավելեց ՀՀ փոխարտգործնախարարը:
Հիշեցնենք, համանախագահների այցը նախատեսված է հունիսի 10-ին: Այցի շրջանակում հստակեցվելու է հակամարտության գոտում առկա իրավիճակը, քննարկվելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող ակտուալ հարցեր, պաշտոնական հանդիպումներ կլինեն: