Նյու Յորքում ձերբակալել են Վրաստանից 15 քրեական հեղինակության
Նյու Յորքում ձերբակալել են Վրաստանից 15 քրեական հեղինակության, որոնք մեղադրվում են կազմակերպված հանցավորության հետ կապեր ունենալու համար:
Newsgeorgia.ge-ի հաղորդմամբ, ընդհանուր առմամբ իրավապահները ձերբակալել են նախկին ԽՍՀՄ երկրների 33 քաղաքացու, որոնք, ըստ ամերիկյան կողմի, հանդիսանում են ռուսաստանյան քրեական սինդիկատի անդամներ: Նրանք բոլորը մեղադրվում են շորթման, խարդախության, զենք-զինամթերքի և թմրանյութերի հետ կապված հանցագործություններում, իսկ ոմանք նաև պատվիրված սպանություններ կատարելու համար: Սինդիկատի անդամները գործել են Նյու Յորքում, Նյու Ջերսիում, Փենսիլվանիայում, Ֆլորիդայում և Նևադայում:
Ձերբակալվածների քաղաքացիությունը պաշտոնական հաղորդագրության մեջ չի ճշտվում, բայց նշվում է, որ նրանցից 27-ը հանդիսանում են հանցավոր խմբավորման անդամներ, որի ղեկավարներն են Ռաժդեն Շուլայը և Զուրաբ Ջանաշվիլին:
«Նրանցից շատերը ծնվել են նախկին ԽՍՀՄ-ում, ամուր կապեր են պահում Վրաստանի, Ուկրաինայի և Ռուսաստանի հետ, հաճախակի մեկնել են այդ երկրներ, շփումներ պահել այդ երկրներում և գումարներ փոխանցել այնտեղ», — ասված է դատախազության հաղորդագրության մեջ: