Սերժ Սարգսյանը ցավակցել է Ռոհանիին Թեհրանում ահաբեկչական հարձակումների կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին Թեհրանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և դրանց հետևանքով անմեղ զոհերի ու տասնյակ վիրավորների կապակցությամբ:
«Խստորեն դատապարտելով ահաբեկչության և ծայրահեղականության ցանկացած դրսևորում՝ համոզված ենք, որ անհրաժեշտ է միասնականորեն պայքարել միջազգային այդ արհավիրքի դեմ:
Կարևորելով մեր հարևան և բարեկամ երկրում անվտանգությունն ու կայունությունը՝ վստահ եմ, որ Իրանի իշխանությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները նման գործողություններն իսպառ կանխարգելելու ուղղությամբ։
Այս դժվարին պահին խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձերդ Գերազանցությանը, Իրանի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում:
Վերջին տվյալների համաձայն՝ այսօր առավոտյան Իրանի խորհրդարանում ահաբեկչության զոհ է դարձել 12 մարդ: Կան 30-ից ավել վիրավորներ:
Fars գործակալության հաղորդմամբ՝ հարձակվողներից մեկը մահապարտ է, նրան շրջապատել են իրավապահները: Ընդհանուր առմամբ՝ հարձակվողներիը երեքն են եղել: Որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ հարձակվողներից մեկը լիկվիդացվել է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Իսլամական պետության» Լիբիայի ներկայացուցչությունը ստանձնել է այսօր Թեհրանի խորհրդարանում տեղի ունեցած զինված միջադեպի պատասխանատվությունը: