ԼՂ կարգավորման գործընթացում պայմանավորվածությունները մոտ էին՝ մեկնած ձեռքի չափ. Լավրով
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է հաղթահարել միայն բանակցությունների միջոցով, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Կանտի անվան Բալթյան դաշնային համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Միայն պայմանավորվել է պետք, այլ ճանապարհ չկա: Բանակցային գործընթացի երկարատեւ ժամանակահատվածում, որն ընդունում էր տարբեր ձեւեր, պայմանավորվածությունները շատ անգամ մոտ էին լինում, նույնիսկ մեկնած ձեռքի հեռավորության վրա, սակայն հետագայում աշխատում էր անվստահության ինչ-որ բնազդ: Բայց, անշուշտ, պետք է շարունակել աշխատանքը»,- ասել է Լավրովը:
Ռուս նախարարի խոսքով` թեեւ բանակցությունների արդյունքում արդեն մշակվել են որոշ սկզբունքներ, «անհրաժեշտ է համաձայնեցնել շատ դժվար դետալների մի ամբողջ շարք, որոնք շոշափում են շատ զգայուն հարցեր»:
«Բայց մենք չենք դադարում փորձել, Ռուսաստանը, ինչպես գիտեք, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որի կազմում մենք պարբերաբար հանդիպում ենք կողմերին: Հետագայում ևս այդ եռյակի շրջանակում կմտածենք, թե ինչպես հաղթահարել փոքր, սակայն լուրջ դետալները, որոնք դեռեւս համաձայնեցված չեն»,- հավելել է Լավրովը: