22.11.2024
Հայաստանը ցավակցում և աջակցություն է հայտնում Վրաստանին
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ի հետ չկա անհամաձայնություն Երևան-Բրյուսել հարաբերություններ սկսելու հարցում. Վաչե Գաբրիելյան

Հայաստանը չունի հակասություններ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում Եվրամիության հետ հարաբերությւոներ սկսելու հարցում: Այդ մասին հայտարարել է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

«Անհամաձայնություն, որպես այդպիսին, չկա, որովհետև մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, իսկ Եվրամիության հետ մեր հարաբերությունները չպետք է հակասեն ԵԱՏՄ-ի մեր անդամությանը: Մենք ելնում ենք նրանից, որ մեր անդամությունը ԵԱՏՄ-ում է և դրան չհակասող բոլոր նորմերով մենք աշխատում ենք խորացել համագործակցությունը ԵՄ-ի հետ»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է նա:

Թեև 2013 թ.-ին Վիլնյուսի գագաթնաժողովին Հայաստանն ի տարբերություն Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պատճառով չստորագրեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր, այնուամենայնիվ երկու տարի անց Երևանն ու Բրյուսելը պատրաստվում են կնքել նոր համաձայնագիր: Այն պետք է հիմնվի արդեն բանակցված ասոցացման համաձայնագրի վրա՝ միևնույն ժամանակ հաշվի առնելով փոփոխված իրողությունները: Մասնավորապես Հայաստանի պատրավորությունները ԵԱՏՄ-ի շրջանակներում:

Նոր փաստաթղթում հաստատ չի ընդգրկվի մաքսային կարգավորումների մասը, քանի որ դա կհակասի Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին: Առաջիկայում Եվրամիության հետ կնքվելիք փաստաթղթի տնտեսական բլոկում, ըստ պաշտոնական աղբյուրների, կարող են ներառվել հետևյալ ոլորտները՝ թափանցիկություն, մրցակցություն, ներդրումներ, ծառայություններ և առևտուր:

Վերջերս Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը նաև հայտարարեց, որ Հայաստանի դաշնակից և ռազմավարական գործընկեր Ռուսաստանը տեղյակ է Բրյուսելի հետ բանակցություններում Երևանի ակնկալիքների և անելիքների մասին:

Գաբրիելյանի խոսքով ԵՄ-ի հետ համագործակցության տնտեսական բաղադրիչներ չեն հակասում Հայաստանի պարտավորություններին Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: «Ինչո՞ւ պետք է հակասեն. ԵԱՏՄ-ն չի ասում՝ մի համագործակցեք այլ երկրների հետ, ուղղակի համագործակցելուց կան այլ մաքսային ռեժիմներ, այլ կարգավորման ռեժիմներ, և այդ կարգավորման ռեժիմները ԵՏՄ-ի մեջ ամեն ինչ չէ, որ կարգավորում է, և բոլոր այն տեղերում, որ չեն կարգավորվում, բնականաբար մենք ունենք ազատության աստիճան», - պարզաբանել է նա:

Հարցին, թե մինչ ԵԱՏՄ անդամակցությունը մեծ ներդրումներից էր խոսվում, ինչո՞ւ որևէ գործընթաց չկա, Վաչե Գաբրիելյանը խնդրեց չմոռանալ գլոբալ տնտեսական վիճակը:

«Իհարկե գործընթաց կա, բայց գործընթացը պետք է նայել ընդհանուր տնտեսական զարգացման համատեքստում: Ես խնդրում եմ, դուք նայեք, թե ինչպիսի տնտեսական վիճակում է Ռուսաստանը, թե նույն Ռուսաստանում իրենց ընկերություններն ինչքան ներդրումներ են անում: Երկու խնդիր կա, որ պետք է տարանջատել՝ մեկը ԵՏՄ անդամությունն է, մյուսը՝ տնտեսական իրավիճակը, և ԵՏՄ-ն չպետք է նույնացնել 2015թ. Ռուսաստանում տիրող իրավիճակի հետ, որովհետև մեկը տնտեսական իրողություններն են, մյուսը՝ տնտեսավարման ռեժիմ, որոնք իրարից տարբեր են»,-ասաց նա:

Փոխվարչապետը նշեց, որ հիմա եթե կա տնտեսության անկում, որի պարագայում հատկապես ներդրումները չեն ավելանում, չպետք է անդամակցությունը կապել դրա հետ: «Ուղղակի անդամակցությունը համընկավ այս պայմանների հետ»,-ասաց նա և նշեց, որ դա չի վերաբերում միայն Հայաստանին:

«Վրաստանը, որ մեծ հաշվով կապեր չուներ, նույնպես այդ խնդիրը կա։ Խնդիրներ կան Ուկրաինայում, Ղազախստանում, Ադրբեջանում, և կտրել տարածաշրջանային զարգացումներից և նշել միայն ԵՏՄ անդամակցության փաստը, չեմ կարծում, որ ճիշտ է», - եզրափակեց նա:

Ըստ նրա՝ Հայաստանը ռեալ արդյունք արդեն ստանում է որոշակի աշխուժացման միջոցով, բայց, միևնույն ժամանակ, երբ որ ընդհանուր տարածարջանային զարգացումներն ավելի առողջ լինեն, այդ ժամանակ աճը ավելի զգալի կլինի: