24.11.2024
Ադրբեջանը թույլ է տալիս շրջանցել ՌԴ-ն և Իրանը՝ ԵՄ-ի էներգետիկ դիվերսիֆիկացիայի համար
prev Նախորդ նորություն

Վրաստանի ընդդիմությունը հատուկ ծառայություններին մեղադրել է լրագրողին առեւանգման մեջ

«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Գիվի Թարգամաձեն Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հարազատներից մեկին մեղադրել է Թբիլիսիում ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլըի առեւանգմանը մասնակցություն ունենալու մեջ։

Contact.az-ը հաղորդում է, որ նախօրեին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Թարգամաձեն հայտարարել է, որ Աֆղան Մուխթարլըի առեւանգումը պատվիրված էր ադրբեջանցի ազդեցիկ գործարարի կողմից, որը Բիձինա Իվանիշվիլիի զարմիկի՝ Ուչա Մամացաշվիլիի գործընկերն է։

Այսպիսով, ադրբեջանցի գործարարը, որի անունը չի նշվում, Թարգամաձեի խոսքով, ցանկանում էր անակնկալ մատուցել իր ղեկավարությանը՝ հանձնելով ընդդիմադիր լրագրողին։

«Մեր ձեռքի տակ եղած հավաստի տեղեկությունների համաձայն՝ ամեն ինչ սկսվեց, երբ Ուչա Մամացաշվիլիի գործընկերը խնդրեց օգնել ձերբակալել եւ Ադրբեջան տեղափոխել լրագրողին։ Մամացաշվիլին կազմակերպել է Ադրբեջանի ներկայացուցչի հանդիպումն անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրիի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ նրա տեղակալ Սոսո Գոգաշվիլին, որին հանձնարարել են զբաղվել այդ գործով։ Գործողությունն իրականացրել է պետական անվտանգության ուժերի հատուկ ծառայության ջոկատի ղեկավար Զուրա Խարազիշվիլին՝ երկու հատուկ ջոկատայինների հետ միասին»,- ասել է Թարգամաձեն։

Նրա տարբերակի համաձայն՝ ոստիկանական համազգեստով առեւանգողները նախ փորձել են լրագորղին Ադրբեջան ուղարկել Գարեջիով, սակայն չի ստացվել։ Հետո շաքարախտով տառապող Մուխթարլըն իրեն վատ է զգացել, բացի այդ պարզվել է, որ նրա մոտ անձնագիր չկա։ Սակայն Սոսո Գոգաշվիլիի անձնական միջնորդությամբ նրան արդեն երրորդ ուղղությամբ Ադրբեջան են տեղափոխել։

Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ վերջին երկու տարիներին Վրաստանում բնակվող ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող  և ակտիվիստ Աֆղան Մուխթարլըին օրերս առևանգել են Թբիլիսիում, տեղափոխել Բաքու, որտեղ դատարանը նրա նկատմամբ երեք ամսով կալանավորման որոշում է կայացրել: Վրաստանի իրավապաշտպանները մեղադրում են Վրաստանի իշխանություններին այս ամենին առնչություն ունենալու մեջ:


Լրագրողի փաստաբանը պատմել է, որ Մուխթարլըին Թբիլիսիի կենտրոնից  առևանգել են անձիք, որոնց հագին քաղաքացիական հագուստ է եղել և նրանք խոսել են վրացերեն: Լրագրողին բռնի ուժով նստեցրել են ավտոմեքենա, տարել Թբիլիսիի սահմաններից դուրս, որտեղ դաժանաբար ծեծել են, կապել և տեղափոխել այլ ավտոմեքենայի մեջ, իսկ արդեն Ադրբեջանի հետ սահմանին տեղափոխել երրորդ ավտոմեքենան, որում արդեն ադրբեջաներեն են հաղորդակցվել: