Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը կոչ է անում Վրաստանի իշխանություններին հետաքննել Թբիլիսիում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող ու ակտիվիստ Աֆղան Մուխթարլուի առևանգման հանգամանքները և պարզել՝ արդյոք դրան առնչություն ունեն Ադրբեջանի ուժային կառույցները, թե ոչ: Այս մասին Վրաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանում Amnesty International ներկայացուցիչ Լևան Ասատիանին:
Իրավապաշտպանը խոսել է լրագրողի փաստաբանի հետ, որն այս պահին անազատության մեջ է գտնվում Բաքվում:
«Ինչպես երևում է, Վրաստանի իշխանությունները առնչություն ունեն առևանգման գործողությանը: Փաստաբանն արդեն այցելել է Մուխթարլուն, վերջինս հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնից իրեն առևանգել են անձիք, որոնց հագին քաղաքացիական հագուցտ է եղել և նրանք խոսել են վրացերեն: Լրագրողին բռնի ուժով նստեցրել են ավտոմեքենա, տարել Թբիլիսիի սահմաններից դուրս, որտեղ դաժանաբար ծեծել են, կապել և տեղափոխել այլ ավտոմեքենայի մեջ, իսկ արդեն Ադրբեջանի հետ սահմանին տեղափոխել երրորդ ավտոմեքենան, որում արդեն ադրբեջաներեն են հաղորդակցվել»,- պատմել է Ասատիանին:
Ընդդիմադիր լրագրողը հայտնել է, որ ադրբեջաներեն հաղորդակցվող անձիք իր մեքենայի մեջ խոշոր գումար են դրել՝ 10 հազար եվրո և այժմ Ադրբեջանի իշխանություններն իրեն մեղադրում են սահմանի ապօրինի հատման և գումարի անօրինական տեղափոխման մեջ:
«Amnesty International կազմակերպությունն անհանգստացած է լրագրողին ծեծի ենթարկելու փաստով, այդ իսկ պատճառով կազմակերպությունը կոչ է անում Վրաստանի կառավարությանը անհապաղ հետաքննել այս գործը և հաստատել կամ հերքել, որ դրան առնչություն են ունեցել Վրաստանի ուժային կառույցները կամ քաղաքացիները», — ընդգծել է կազմակերպության ներկայացուցիչը:
Գռուզիա online հայտնում է, որ ադրբեջանցի լրագրողի փաստաբանը ևս մեղադրում է վրացական կողմը միջազգային իրավունքի ոտնահարման համար: Նեյմաթ Քերիմլին հայտարարել է, որ ընդդիմադիր լրագրողի հանձնումը Բաքվին վրաց իշխանությունների կողմից միջազգային նորմերի խախտում է և իրենք անպայման հայց կներկայացնեն Վրաստանի դեմ:
Նշենք, որ վերջին երկու տարին Վրաստանում բնակվող և օրերս անհետացած ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխթարլին նախօրեին տեղափոխվել է Բաքու: Այսօր Բաքվում կկայանադատական նիստ, որի ժամանակ կորոշվի լրագրողի նկատմամբ կալանավորում կկիրառվի, թե ոչ: