Հայաստանում ևս ծխելը հասարակական վայրերում կարգելվի
Հայաստանում ևս ծխելը հասարակական վայրերում կարգելվի: Հայաստանյան ռեստորաններում այլևս չեն լինի առանձին խցիկներ, քանի որ պայքարը ոչ թե չծխողների մոտ չծխելն է, այլ՝ ընդհանրապես չծխելը: Այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Ճիշտ է, այս ամենը դեռ հեռանկարում է, քանի որ փոփոխությունների ծրագիրը դեռ ամբողջությամբ պատրաստ չէ, բայց արդեն այսօր կարելի է խոսել այն մասին, որ համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ արգելվելու է ոչ միայն հասարակական վայրերում ծխելը, այլև ծխախոտի գովազդն ամբողջությամբ, իսկ ծխախոտի տուփերը, ինչպես միջազգային պրակտիկայում է, զարդարելու են սարսափելի նկարներ: Եվս մեկ վատ լուր ծխողների համար՝ ծխախոտը թանկանալու է:
Ծրագրի նպատակն է Հայաստանում ծխողների թիվը 30-40%-ով կրճատել: Պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանում չափահաս տղամարդկանց ավելի քան 55%-ը ամենօրյա ծխողներ են, կանանց 3%-ն է ծխում, սակայն շատ են նաև սոցիալական ծխողները (ոչ ամեն օր):
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունը 2013 թվականին հասարակական վայրերում ծխելու արգելքի մասին օրենք ընդունեց ու եթե սկզբում այն արգելքի որոշ գոտիներ էր սահմանում, ապա 2017-ից այն գործում է ամենայն խստությամբ: Չնայած նման խիստ օրենքներին ու երկրով մեկ գործող արգելքներին, այդուհանդերձ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ ՌԴ-ում ծխում է ազգաբնակչության 40 տոկոսը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, աշխարհում մոտ 7 մլն մարդ մահանում է ծխելուց, իսկ 600.000-ը պասիվ ծխելու արդյունքում: Շատ են նաև հաշմանդամություն ձեռք բերած մարդիկ և ծանր վիրահատությամբ բուժվածները: