ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը. Սվիտալսկի
Եվրամիությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստատուս-քվոն այլևս հնարավոր չէ պահպանել և խնդիրը պետք է ունենա բացառապես խաղաղ հանգուցալուծում: Ռազմական լուծումը բացառված է: Երբ կողմերը հասեն խնդրի խաղաղ կարգավորման, Եվրամիությունը պատրաստ է հակամարտության գոտում վերականգնողական աշխատանքների իրականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրել, բայց դա տեղի կունենա միայն ու միայն հակամարտության գոտում խաղաղության հաստատման և հակամարտության խաղաղ կարգավորման դեպքում»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:
Մայիսի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խումբը առաջին անգամ հասցեական հայտարարությամբ հանդես եկավ, որում մեղադրեց Ադրբեջանին հրադադարի ռեժիմը խախտելու համար: Հայտարարության մեջ մասնավորապես ասված էր.
«Ըստ տարբեր հավաստի աղբյուրներից հավաքած տեղեկությունների, մայիսի 15-ին Ադրբեջանի Զինված ուժերը հրթիռային կրակ են բացել շփման գծի երկայնքով՝ հարված հասցնելով ռազմական տեխնիկային։
Մայիսի 16-ի երեկոյան և մայիսի 17-ին հայկական Զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում են և տագնապի առիթ։
Իրարամերժ տեղեկություններ կան այս հարվածների նշանակետերի, ինչպես նաև մարդկային կորուստների և վնասների մասին։ ԵԱՀԿ Մինսկի համանախագների խումբը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են հավաքագրել լրացուցիչ տվյալներ ու վերլուծություններ՝ կատարվածի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար»։