Իրանի շիա միջազգային համայնքը. Der Spiegel
Հորդանանի թագավոր Աբդալլա Երկրորդը ժամանակին դիպուկ արտահայտություն է արել՝ ասելով, որ «շիա կիսալուսինը» Սադամ Հուսեյնի սուննի ռեժիմի անկումից հետո կտարածվի Իրանից Իրաքի և Սիրիայի միջով մինչև Լիբանան:
«Այդ կիսալուսինը կարող է միանգամայն ապակայունացնող դեր խաղալ Պարսկական ծոցի երկրների և ողջ տարածաշրջանի համար»,- ասել է նա:
Սաուդյան Արաբիան Իրանի շիա ռեժիմի ամենահզոր հակառակորդն է:
Սաուդյան առաջնորդները համարում են, որ շրջապատված են Թեհրանի վասալներով. Իրանի հանդեպ վախով է Սաուդյան Արաբիան արդարացնում իր ռազմական գործողությունները հարևան Բահրեյնում և Յեմենում: Ի՞նչն է վախեցնում Սաուդյան Արաբիային:
Լիբանան
Կիսալուսնի ձախ ծայրամասը ձևավորում է Լիբանանը: Այստեղ սկսվել է շիաականների հեղափոխությունը: 1982թ. Իսրայելի ներխուժումից հետո Այաթոլա Համենեին այդ երկիր ուղարկեց հեղափոխականների: Այդ խմբավորումներից ծագեց «Աստծո կուսակցությունը»՝ «Հեզբոլլահը»: Այն միակ կուսակցությունն է, որ Լիբանանի քաղաքացիական պատերազմից հետո չզինաթափվեց և այսօր ամենաուժեղ ռազմական իշխանությունն է այդ երկրում՝ ավելի ուժեղ, քան բանակն է. այն նաև քաղաքական իշխանություն է: «Հեզբոլլահը» ֆինանսավորում և հովանավորում է Իրանը:
Սիրիա
Սիրիայում վաղուց են ի հայտ եկել իրանյան հեղափոխության պահապանների հովանավորությունը վայելող այլ շիա զինված խմբավորումներ՝ մոտ 10 հազար զինված անդամներ ունեցող բանակ: Հալեպի համար մղվող մարտերում նրանք կռվում էին Ասադի կառավարության բանակի կողմից:
Իրաք
Ինչպես Սիրիայում Իրանի կողմից հովանավորվող զինված խմբավորումները աջակցում են Բաշար Ասադին, Իրաքում վարչապետ Հայդեր ալ Աբադին նման կերպ կախված է Թեհրանի աջակցությունից: Երբ 2003թ. Սադամ Հուսեյնին տապալեցին, Իրաք մուտք գործեց «Բադր Քորփս» կոչվող շիա զինված խմբավորումը, որը տարեցտարի հզորանում է. այն իր տրամադրության տակ ունի մոտ տասը հազար զինվոր:
Եմեն
Եթե Իրաքում դեռ գոյություն ունի ինչ-որ կերպ աշխատող կենտրոնական իշխանություն, ապա Եմենը դրանից դեռ շատ հեռու է: Այնտեղ քաղաքացիական պատերազմը ստիպեց մոտ երկու միլիոն մարդու արտագաղթել երկրից, այդ պատերազմը ամենաքիչը տասը հազար մարդու կյանք խլեց, արդյունքում բնակչության 80%-ը ստիպված է գոյությունը պահպանելու համար հույսը դնել միջազգային օգնության վրա: Այսօր այդ երկրում յուրաքանչյուրը կռվում է յուրաքանչյուրի դեմ:
2015թ. մարտից Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների գլխավորած ռազմական դաշինքը գործողություններ է ձեռնարկում Իրանի կողմից հովանավորվող «Հութի» շիա ռազմական խմբավորման դեմ, որը նաև վայելում է նախկին նախագահ Աբդալլա Սալեհի աջակցությունը:
Բահրեյն
Նման սցենար կարող է տեղի ունենալ նաև Բահրեյնում: Համբուրգի մեծության այդ գաճաճ պետության մեծ մասը շիաներ են, սակայն նրանք ղեկավարվում են սուննի իշխող ընտանիքի կողմից: Քանի որ Պարսկական ծոցում գտնվող այդ կղզի պետությունը ինչ-որ ժամանակ գրավված է եղել պարսիկների կողմից, այդ պատճառով Իրանը ժամանակ առ ժամանակ իշխանական նկրտումներ է ցուցաբերում: Իրանի իշխանությունները Բահրեյնը համարում են կորսված նահանգ, որը պետք է անպատճառ վերադարձվի: