ԱՄՆ Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատը մայիսի 19-ին միաձայն ընդունել է թիվ 191 բանաձևը` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը:
The Armenian Weekly-ի հաղորդմամբ, բանաձևի ընդունմամբ Տեխասը դառնում է Միացյալ Նահանգների 46-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը:
«Շնորհակալ ենք Տեխասի Ներկայացուցիչների պալատին պատմության ճիշտ կողմում կանգնելու համար՝ իրենց դինամիկ նահանգը դարձնելով մի միության անդամ, որը հարգում է Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհի հիշատակը՝ չնայած թուրքական ընդդիմությանը»,- նշել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի արևմտյան շրջանի ղեկավար Նորա Հովսեփյանը:
Այս անհավանական հաղթանակը, նրա խոսքով, հնարավոր է դարձել Տեխասի հայ համայնքի ակտիվ և միասնական ջանքերի և նահանգի Ներկայացուցիչների պալատի անդամ Սքոթ Սենֆորդի անդրդվելի ղեկավարության շնորհիվ:
191 բանաձևը Ներկայացուցիչների պալատի քննարկմանը Սենֆորդը ներկայացրել է հունվարի 26-ին, որին հաջորդել են Միջազգային առևտրի և միջկառավարական հարցերով հանձնաժողովի լսումները ապրիլի 24-ին:
Ներկայիս բանաձևի ընդունումը Տեխասի օրենսդիր մարմնի հերթական քայլն է` ուղղված Ցեղասպանության ճանաչմանը: Դեռևս 2015թ-ին նահանգը մերժել էր մի շարք հակահայկական բանաձևեր, հետագայում ընդունել 1541 բանաձևը, որով աջակցություն էր հայտնում Հայոց ցեղասպանության հետևանքով որբ մնացած շուրջ 132 000 հայ երեխայի:
Այսօր ընդունված բանաձևում, մասնավորապես, ասվում է. «Առաջին աշխարհամարտի ընթացքում քանդվող Օսմանյան կայսրությունը սկսեց հայ բնակչության ոչնչացման համակարգային արշավը, որն այդ ժամանակ կազմում էր ավելի քան երկու միլիոն: Շուրջ 1.5 միլիոն հայ ոչնչացվեց, և այսօր Հայաստանում՝ հայերի հայրենիքի շուրջ 10 տոկոս տարածքում բնակվում է 3 միլիոն հայ, մինչդեռ հայոց Սփյուռքը հաշվվում է 8-10 մլն»:
Տեխասի բանաձև հետևել է Վայոմինգ նահանգի կառավարության ընդունած որոշմանը, որով այն ապրիլին ճանաչել և դատապարտել էր Հայոց ցեղասպանությունը: Այսպիսով, լրացել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի արևմտյան շրջանի անդամ 19 նահանգների ցանկը, որոնք բոլորն էլ ճանաչել են Ցեղասպանությունը: Այդ նահանգներն Ալյասկան, Արիզոնան, Կալիֆոռնիան, Կոլորադոն, Հավայները, Այդահոն, Կանզասը, Մոնտանան, Նեբրասկան, Նևադան, Նյու Մեխիկոն, Հյուսիսային Դակոտան, Օկլահոման, Օրեգոնը, Հարավային Դակոտան, Տեխասը, Յուտան, Վաշինգտոնը և Վայոմինգը: