VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը այսօր նախագիծ է ներկայացնելու՝ ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը 9-ից 10 դարձնելու առաջարկով։ Պատգամավորը գտնում է, որ Հայաստանի նման երկրում անթույլատրելի է ԱԺ-ում չունենալ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողով։ Մեր տեղեկություններով, սակայն, որոշումը վերջնական է եւ հազիվ թե հնարավոր լինի փոխել, որոշումը համաձայնեցվել է Սերժ Սարգսյանի հետ։ Որպես միջանկյալ լուծում՝ ՀՀԿ-ն «Ելք»-ին առաջարկել է բանակցել «Ծառուկյան» դաշինքի հետ եւ նրանց հասանելիք հանձնաժողովներից մեկի ղեկավարումը ստանձնել։ Դա էլ կարող է լինել համագործակցության արդյունավետ մեկնարկ։ Սակայն «Ելք»-ում այդպիսի հեռանկարը կտրուկ մերժում են, քանի որ «Ծառուկյան» դաշինքը երեկ ԱԺ նախագահի փակ գաղտնի քվեարկությամբ ապացուցեց, որ ամենեւին հակված չէ «Ելք»-ի հետ համերաշխ գործել արմատական ընդդիմության դաշտում»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր մեկնարկեց 6-րդ գումարման Ազգային ժողովը, որն այլեւս նախորդ տարիների խորհրդարանը չէ: Խորհրդարանական կառավարման անցնելուց հետո այն ավելի լայն լիազորություններ ու պարտականություններ ունի: Քաղաքական վերլուծաբանների կարծիքով այս ամենը լավ շանս է, որ մեր երկրում Գերմանիայի կանցլերի «մակարդակի» կառավարության ղեկավար ընտրվի եւ նույնքան էլ ազդեցիկ կառավարություն ձեւավորվի: Բայց առաջին հայացքից եւ ամենայն հավանականությամբ, նման բարի ցանկություններն առայժմ դժվար թե հնարավոր լինի կյանքի կոչել եւ դրանք կմնան ընդամենը ցանկություն: Խնդիրն այն է, որ հնարավոր չէ ուժեղ կառավարման համակարգ ունենալ, եթե իշխող քաղաքական ուժը ներկայացնող անհատները (եւ ոչ միայն նրանք) տարրական հարգանք չունեն սեփական երկրի պետական խորհրդանիշների հանդեպ: Այսինքն, սեփական երկրի հանդեպ սերը սկսվում է գուցեեւ նման փոքր թվացող, բայց շատ կարեւոր ժեստերից, որն ամենաշատն է աչքի ընկնում կարեւոր արարողությունների ժամանակ: Մեր խորհրդարանի պատգամավորներն այդպես էլ չեն հասկանում, որ իրենք պարտավոր են հարգել ՀՀ պետական խորհրդանիշները՝ հիմնը, զինանշանն ու դրոշը, նրանք այդպես էլ չսովորեցին հիմնի բառերն ու չերգեցին ՀՀ հիմնը»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե «Ծառուկյան» խմբակցության անդամ Իշխան Զաքարյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ հակասությունը հասել է գագաթնակետին: Իշխան Զաքարյանը ցանկանում էր ԱԺ փոխխոսնակի պաշտոնը, սակայն ԲՀԿ առաջնորդն այն բաշխեց Միքայել Մելքումյանին: Սա բավականին ծանր է տարել Վերահսկիչ պալատի նախկին նախագահը, եւ ասում են, չի բացառվում, որ նա ոչ միայն չմասնակցի ԱԺ-ի նիստերին, այլեւ վայր դնի մանդատը: Ծառուկյանը Իշխան Զաքարյանին «չի տեսել» անգամ ԱԺ մշտական հանձնաժողովներից որեւէ մեկի նախագահի աթոռին («Ծառուկյան» խմբակցությունն «ունենալու» է երեք մշտական հանձնաժողով): Ասում են նաեւ, որ Գագիկ Ծառուկյանը Իշխան Զաքարյանին է մեղադրում նաեւ ինքնաբացարկի դիմում գրած-հետ վերցրածների պատմությանը մասնակից լինելու մեջ»:
«Հրապարակ» թերթը շարունակում է նույն թեման և գրում է. «Վերջին շրջանում տեղեկություններ էին շրջանառվում, որ Գագիկ Ծառուկյանի և Իշխան Զաքարյանի հարաբերությունները լարվել են, թեև ոչ ոք չգիտեր, թե ինչ «սև կատու» է անցել նրանց միջով։ Ընդամենը գուշակում էին, թե պատճառը Զաքարյանի կապերն են Ռոբերտ Քոչարյանի հետ։ Սակայն ապրիլի 2-ից հետո սկսեցին լուրեր շրջանառվել, որ այլևս Զաքարյանը չէ ընդդիմությանը տրվելիք ԱԺ փոխնախագահի պաշտոնի հավակնորդը։ Այլ անուններ շրջանառվեցին՝ Վարդան Բոստանջյան, Միքայել Մելքումյան։ Ի վերջո, հաստատվեց, որ անշարժ գույքի մեծ մասնագետ, տնտեսագետ Մելքումյանն է դառնալու։ Նախօրեին, ճիշտ է՝ «կանյաչնիում» Իշխան Զաքարյանը ներկա էր, սակայն նկատելիորեն անտրամադիր էր։ Իսկ երեկ չէր մասնակցում ԱԺ նիստին։ Երբ լրագրողը փորձել է առաջնորդից տեղեկանալ, թե ինչու չկա Զաքարյանը, Ծառուկյանը զայրացել է, թե՝ զանգեք իրենից հարցրեք։ Որքան էլ ՎՊ նախկին նախագահը նեղ շրջապատում հայտարարի, թե «իրեն չէր սազի ընդդիմության փոխնախագահը լինել՝ ողջ կյանքում պետական պաշտոն է զբաղեցրել», հասկանալի է, որ դա չէ իրականությունը։ «Հրապարակ»-ի տեղեկություններով, նա երկար չի մնալու ԱԺ-ում, գործադիրում պաշտոն կառաջարկեն։ Վերջերս, ըստ լուրերի, նա հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ։ Իշխանությունը Զաքարյանից դժգոհություններ չունի»։
«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի հավանական թեկնածուներ են համարվում Հովհաննես Սահակյանն ու նախագահի աշխատակազմի հանրային կապերի և «Տեղեկատվական կենտրոն» ՊՕԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը: ՀՀԿ-ում հակված են Արա Սաղաթելյանի թեկնածությանը: Թեև Հովհաննես Սահակյանը ևս պայքարում է, որ հենց իրեն բաժին հասնի այդ պաշտոնը:
Նույն թերթը գրում է. «Ոչ միայն Արա Բաբլոյանն է ժամանակավոր ԱԺ նախագահ, այլև Միքայել Մելքումյանը՝ ԱԺ փոխնախագահ։ Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը ծրագրել են առավել ինտենսիվացնել համագործակցությունը, որն առավել տեսանելի կլինի ընթացիկ տարվա աշնանը, և ի վերջո կհանգեցնի 2018թ․ կոալիցիոն նոր հուշագրի ստորագրման՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ ձևաչափով։ Եթե ֆորս մաժորները բացառվեն, որևէ պատճառ չի մնա, որ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարությունը սկսի գործել 2018թ․ ապրիլի 10-ից, որի դեպքում Միքայել Մելքումյանը ավտոմատ կերպով ԱԺ նախագահի տեղակալի աթոռը պետք է փոխանցի արդեն միակ ընդդիմադիր «Ելք» դաշինքին»։
«Իրատես» թերթը գրում է. «Երեկ Գագիկ Ծառուկյանը կրկնել է վերջերս անընդհատ իրեն «փրկող» հայտարարությունը` եթե իշխանություն չենք, ուրեմն ընդդիմություն ենք: Ինչ չափորոշիչով է ԲՀԿ ղեկավարը որոշում, որ ինքը իշխանություն չէ. պաշտոններ չունենալո՞վ, իշխանական լծակներին չտիրապետելո՞վ: Այլ խոսքով, եթե պաշտոն չունեն, ուրեմն ընդդիմություն են: Բայց չէ՞ որ մնացած բոլոր հարցերում նրանք վարվում են ճիշտ այնպես, ինչպես իշխանությունը:
Ասվածի լավագույն ապացույցը երեկվա նիստն էր: Առաջին իսկ քվեարկության ժամանակ երեւաց, որ «Ծառուկյան» դաշինքից ընդդիմություն չի ստացվի: Նախ` լինելով երկրորդ ուժն ԱԺ-ում, նրանք չփորձեցին գոնե ձեւական ցույց տալ, որ ընդդիմության շահերն են սպասարկում: Ինչու ձեւակա՞ն, որովհետեւ բոլորին էլ պարզ էր, որ ԱԺ խոսնակ կդառնա Արա Բաբլոյանը, քանի որ խորհրդարանում ՀՀԿ-ն է մեծամասնություն, դրան գումարած` ունի նաեւ կոալիցիոն գործընկեր ի դեմս ՀՅԴ-ի: Ասել է` քվեարկությունն արդեն կանխորոշված էր, բայց նույնիսկ այս պարագայում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները ոչ թե Էդմոն Մարուքյանին ընտրեցին, այլ Արա Բաբլոյանին:
Այսքանից հետո ո՞վ կհավատա, որ Գագիկ Ծառուկյանը խորհրդարան է բերել ընդդիմադիր ուժ, կամ էլ ի՞նչ ընդդիմության մասին կարող է խոսք լինել, եթե այս խմբակցության քվեարկությունները հօգուտ իշխանության են»: