ԱՄՆ սենատորներն Անկարային կոչ են անում ներողություն խնդրել դեսպանատան մոտ միջադեպի համար
Ամերիկացի սենատորներն Անկարային կոչ են անում ներողություն խնդրել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Թուրքիայի դեպսանատան առջեւ բողոքի ակցիայի մասնակիցների վրա հարձակվելու համար, հաղորդում է The Hill-ը։
«Մենք խստորեն դատապարտում ենք բռնությունը թուրքական դեսպանատան առջեւ ակցիայի ժամանակ»,- ասվում է հանրապետական սենատորներ Մարկո Ռուբիոյի, Թեդ Քրուզի, Թոմ Քոթոնի եւ Մայք Լիի հայտարարությունում։
«Համաձայն հաղորդումների՝ որոշ թուրք պաշտոնատար անձինք եւս մասնացկել են ցուցարարների վրա հարձակմանը, ինչը ժողովրդավարության հիմնարար սկզբունքների խախտում է, ինչպես նաեւ վիրավորում է ԱՄՆ-ին եւ խոսքի ազատությանը, որը մենք այնքան բարձր ենք գնահատում եւ որը նշված է մեր Սահմանադրությունում։ Մենք թուրքական կառավարությանը կոչ ենք անում անհապաղ ներողություն խնդրել միջադեպին պաշտոնատար անձանց մասնակցության համար», - ասվում է հայտարարությունում։
Դեմոկրատ սենատոր Բեն Քարդինը եւս Թուրքիային կոչ է արել ներողություն խնդրել. «Թուրքական կառավարությունը պարտավոր է ներողություն խնդրել։ Հնարավոր է՝ նրանք մոռացել են, որ մենք այս երկրում անքակտելի իրավունքներ ունենք»։
Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին՝ կոչ անելով ուսումնասիրել մեղադրանքները նրանց նկատմամբ, ովքեր պատասխանատվություն են կրում։
Վաշինգոտնում Թուրքիայի դեսպանատան մոտ ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցի խաղաղ ակցիայի ժամանակ մասնակիցների վրա հարձակվել են Էրդողանի կողմնակիցները։ Նշվում է, որ հարձակվողների թվում են եղել նաեւ Թուրքիայի նախագահի թիկնապահները։ Բախումների հետեւանքով 11 մարդ է տուժել, որոնցից 9-ը հիվանդանոց է տեղափոխվել։ Երկու մարդ է ձերբակալվել։