24.11.2024
Die Welt. Թրամփի Ամերիկան դառնում է ցինիզմի գերտերություն
prev Նախորդ նորություն

Focus․ Քաղաքական գործիչներն ու գեներալները վաղուց են Թրամփին հեռացնելու ծրագրեր մշակում

ԱՄՆ նախագահը նոր անախորժության մե՞ջ է հայտնվել։ Դոնալդ Թրամփը անկեղծորեն խոստովանել է, որ Ռուսաստանի հատուկ ծառայություններին հայտնել է գաղտնի տեղեկություններ։ Գերմանական Focus պարբերականը զրուցել է ԱՄՆ-ի հարցերով փորձագետ Քրիստիան Հակեի հետ այդ սկանդալի հնարավոր հետեւանքների մասին։

«Ըստ էության, Թրամփը կարող է անել, ինչ ուզում է ՝ նա ԱՄՆ-ի նախագահն է։ Հարցն այն է, թե ինչ հետեւանքներ դա կարող է ունենալ։ Եվ այս հարցում կարեւոր է, թե ինչ տեղեկություն է նա փոխանցել։ Եթե ամեն ինչ այնպես է, ինչպես ներկայացնում է The Washington Post-ը, ապա իմ գնահատականներով, ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար»,- հայտնում է փորձագետը։

Հակեի խոսքով «գաղտնի տեղեկության փոխանցումը վտանգավոր է դաշնակից երկրների հատուկ ծառայությունների համար, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այդ տեղեկությունը ստանում է Ռուսաստանի նման երկիրը, որը որոշակի իմաստով հակառակ շահեր է հետապնդում Սիրիայում»։

Հնարավոր է, Թրամփը դա օգտագործել է որպես «շեղող մանեւր ՀԴԲ-ի շուրջ սկանդալի ֆոնին»։ «Հատուկ ծառայություններն արդեն հիմա բոլոր տեղեկությունները չեն հաղորդում Թրամփին, եւ այդ առումով իրավիճակն օրեցօր բարդանալու է։ Այդ մարդուն այլեւս հնարավոր չէ զսպել ոչ էթիկայի, ոչ քաղաքական առումներով՝ միջազգային համայնքն արդեն նրան լուրջ չի ընկալում։ Աշխարհում պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել»,- համարում է գերմանական պարբերականի զրուցակիցը։

«Ես չեմ կարծում, որ մոտ ապագայում Թրամփին սպառնում է իմփիչմենթ։ Նույնիսկ եթե Կոնգրեսը կայացնի նման որոշում, ընթացակարգի ավարտի համար պահանջվում է Սենատի ձայների երկու երրորդը։ Ինչ –որ բան պետք է տեղի ունենա հենց Հանրապետական կուսակցության շարքերում՝ առանցքային կերպարները, հին գայլերը, որոնք մինչեւ հիմա լռում են վաղուց են քննարկում Թրամփին իշխանությունից հեռացնելու տարբերակները»,- հավաստիացնում է փորձագետը։

«Այդ մարդը ԱՄՆ-ն դարձրել է ծաղրի առարկա ամբողջ աշխարհի համար»,- ասել է Հակեն, պատասխանելով երկրում հեղաշրջման հնարավորության մասին հարցին։ «Երբեք մի ասեք երբեք»,- հավելել է նա ու հիշեցրել ԱՄՆ սահմանադրության 25-րդ, լրացուցիչ հոդվածի մասին։ «Եթե նախագահը ֆիզիկապես կամ հոգեպես ի վիճակի չէ կառավարել երկիրը ու այդ փաստը արձանագրի փոխնախագահն ու վարչակազմը, նախագահ կդառնա Մայք Փենսը։ Ես չեմ զարմանա, եթե քաղաքական գործիչներն աշխատում են այդ ուղղությամբ»,- ասել է փորձագետը։

«Սպիտակ տանը քաոս է տիրում։ Թրամփը ավելի ու ավելի է մեկուսանում։ Նա հիմար չէ, բայց այլ կերպ է գործում, նա ոչինչ չի հասկանում քաղաքականությունից։ Նախագահը ամենալուրջ սպառնալիքն է ներկայացնում ԱՄՆ անվտանգության համար»,- վստահ է Հակեն։

Փորձագետի կարծիքով Թրամփը նկատում է, որ «համակարգն իր դեմ է աշխատում։ Խնդիր կարող են դառնալ նաեւ նրա ու նրա ընտանիքի տնտեսական շահերը։ Անհավանական է, բայց օտարերկրյա պատվիրակությունները Վաշինգտոնում բացառապես նրա հյուրանոցում են իջեւանում»: Նրա վզի շուրջ պարանն ավելի կձգվի, եթե «պարզվի, որ նրա ընկերությունները իրենց օգտին են ծառայեցնում նախագահի կապերը», ասում է Հակեն։ «նրա դստեր դեպքում դա արդեն ակնհայտ է դառնում ՝ օրինակ Չինաստանում նրա ընկերության արտադրանքի վաճառքի իրավունքների հարցում։ Եթե նման օրինակները շատանան, Թամփի ընտանիքը Սպիտակ տանը երկար չի մնա»,- համարում է փորձագետը։