24.11.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, ֆոտո՝ PolitRussia.com
prev Նախորդ նորություն

Die Welt. Թրամփի Ամերիկան դառնում է ցինիզմի գերտերություն

«Ամեն շաբաթ նոր սկանդալ»,-գրում է գերմանական Die Welt թերթի տեսաբան Քլեմենս Վերգինը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ռուսաստանին փոխանցված գաղտնի տեղեկությունների հետ կապված պատմության մասին։

Այն մասին, որ Թրամփը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին է փոխանցել ԻՊ ահաբեկչական կազմակերպչության մասին գաղտնի տեղեկությունը, առաջինը գրել էր The Washington Post-ը ու Սպիտակ տունը հերքել էր այն, բայց հետո Թրամփը մասամբ հաստատել է այդ տեղեկությունը, ասվում է հոդվածում։

Վերոնշյալ տեղեկությունները Թրամփին էր փոխանցել Մերձավոր արեւելքում ԱՄՆ բարեկամական երկրներից մեկի հետախուզությունը։ «Թրամփը ամենայն հավանականությամբ, դրանք ռուս հյուրերին պատմել է պարծենալու պոռթկումից դրդված»,- նշում է հեղինակը։

«Տեղի ունեցածը ցույց է տալիս, որ իր պոռթկումները վերահսկելու անկարողությունը կարող է իրական սպառնալիք դառնալ անվտանգության համար,- շարունակում է Վերգինը,- Թրամփը իրեն պահում է երեխայի նման, որը ուզում է դուր գալ ուրիշներին, դրա համար էլ առաջնորդվում է զգացմունքներով, առանց հաշվարկելու հետեւանքները»։ Իսկ հիմա ԱՄՆ-ի շատ դաշնակիցներ իրենց հարց կտան, արդյոք արժե ԱՄՆ-ին գաղտնիքներ վստահել, եթե նախագահը չի կարողանում լեզուն ատամների ետեւում պահել։ Իսկ դա վտանգավոր է, քանի որ ահաբեկչության դեմ պայքարի համար պետք է տեղեկություններ փոխանակել։

Մեկ այլ խնդիր է Թրամփի վերաբերմունքը ճշմարտության ու իր աշխատակիցների նկատմամբ։ Օրինակ, նա կարգադրել էր ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականին, նրա տեղակալին ու պետքարտուղարին հերքել այն տեղեկությունը, որը հաղորդել էր The Washington Post-ը, իսկ արդեն հաջորդ առավոտյան «180 աստիճանի շրջապտույտ էր արել ու Թվիթերում գրել, որ Մոսկվային է փոխանցել այդ տեղեկությունները»։ Արդյունքում նրա աշխատողներն են նորից հեղինակազրկվել՝ այս անգամ խորհրդական Մաքմասթերը։ «Այսպիսով Թրամփի Ամերիկան դառնում է ցինիզմի գերտերություն»,- ամփոփում է Վերգինը։