Ինչո՞ւ «ապրիլյան պատերազմում» Բաքուն չօգտագործեց ավիացիա և հեռահար զենքեր. Հարությունյան
Զինադադարի պայմանագիրը միակ իրավական փաստաթուղթն է, որը զսպող գործիք է լայնածավալ պատերազմի դեպքում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
«Եվ եթե չլիներ այն, ապա մենք չէինք ունենա խաղաղ, բանակցային գործընթաց: Պայմանագրի գործընթացը մեկ ամսում չի եղել, այլ երկար է տևել, և պատերազմի ընթացքում մի քանի անգամ փորձ է արվել հաստատել զինադադար»,- ասաց նա:
Նշենք, որ 1994 թվականի մայիսի 16-ին կնքվել է զինադադարի պայմանագիրը: Հարությունյանն ընդգծեց՝ Ադրբեջանը կնքեց զինադադարի պայմանագիրը, որպեսզի քաղաքական ճանապարհով կարողանա լուծել իր խնդիրը, քանզի նույնը չկարողացավ անել ռազմական ճանապարհով, բայց պայմանագրում, որը նա ստորագրեց, տարածքների վերադարձի դրույթ չկար:
«Անցած տարիները ցույց տվեցին, որ Ադրբեջանը պատասխանատու չէ այն բանի համար, ինչի տակ ստորագրել է: Մինչդեռ այս պայմանագիրը կարևոր է, այն ընդունված է միջազգային կազմակերպությունների կողմից ու թեև միտված չէ հիմնական խնդիրը չի լուծել, բայց կանխում է լայնածավալ պատերազմը»,-ասաց նա:
Ըստ Հարությունյանի՝ զինադադարի պայմանագիրն էր, որ ապրիլյան պատերազմում զսպեց Ադրբեջանին՝ Ստեփանակերտի և Շուշիի ուղղությամբ չօգտագործելու ավիացիա և հեռահար զենքեր:
Բանախոսի խոսքով, Ադրբեջանը խուսափում է Արցախի՝ բանակցային կողմ լինելու հեռանկարից, սակայն նրան չի հաջողվում դա, քանի որ կան փաստաթղթեր, որոնց տակ արցախյան կողմն է ստորագրել: Ադրբեջանական կողմը, նրա խոսքով, դրան չի համաձայնում, քանի որ վստահ է՝ սա ուղիղ քայլ կլինի դեպի Արցախի ճանաչում:
Միևնույն ժամանակ Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ առաջիկայում հակամարտության կարգավորում սպասել պետք չէ և հենց նույն Ադրբեջանի կոշտ դիրքորոշման պատճառով: «Մոտ ապագայում հակամարտության լուծում չկա՝ Ադրբեջանի կոշտ դիրքորոշման պատճառով: Եվ որևէ պետություն էլ չի կարող ստիպել Հայաստանին ոչնչի դիմաց տարածքներ վերադարձնել Ադրբեջանին»,- հավելեց նախկին պաշտոնյան: