23.11.2024
Կրտսեր սերժանտ Արշակ Արշակյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
prev Նախորդ նորություն

Գնաճը մտել է դրական տիրույթ. ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան

2017 թ. մայիսի 16-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:


2017 թ. ապրիլին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.3% գնանկման դիմաց, որը հիմնականում պայմանավորվել է գյուղմթերքների գների ավելի բարձր մակարդակների ձևավորմամբ: Այս պարագայում 12-ամսյա գնաճն ավելանալով՝ մտել է դրական տիրույթ և ապրիլի վերջի դրությամբ կազմել 1.2%՝ գերազանցելով ԿԲ կանխատեսումները: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ կանխատեսվող հորիզոնում գնաճը կշարունակի վերականգնվել՝ կայունանալով նպատակային ցուցանիշի շուրջ:


Արտաքին հատվածում համաշխարհային տնտեսության աճի հեռանկարները բարելավվում են, իսկ միջազգային ապրանքային շուկաներում պահպանվում են գնաճային զարգացումները: Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդն առաջիկա ամիսներին արտաքին հատվածից ակնկալում է միայն չափավոր գնաճային ազդեցություններ:


Խորհուրդն արձանագրում է, որ 2017 թ. առաջին եռամսյակի արդյունքներով դիտվել է տնտեսական ակտիվության բավականին բարձր աճ, որը հիմնականում պայմանավորվել է արդյունաբերության, մատուցված ծառայությունների և առևտրի ոլորտներում գրանցված բարձր աճերով: Միևնույն ժամանակ, վերջին տարիներին իրականացրած խթանող դրամավարկային քաղաքականությունը շարունակում է նպաստել ներքին պահանջարկի վերականգնմանը:


Արդյունքում, սպասվում է, որ գնաճն արդեն 2017 թ-ին կձևավորվի տատանումների թույլատրելի միջակայքում և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ: Միևնույն ժամանակ գնահատվում է, որ գնաճային ռիսկերն այս պահին հիմնականում հավասարակշռված են, որի պարագայում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել դրամավարկային պայմանները:


Այնուամենայնիվ, գնաճի վերականգնման հետագծից շեղման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն համապատասխանորեն կճշգրտի դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:


Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները՝ համապատասխանաբար 7.5% և 4.5%:


Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2017 թ. մայիսի 26-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2017թ. երկրորդ եռամսյակի ծրագրում):