Հարցում․ իրանցիների ավելի քան 66 տոկոսը ծրագրում է մասնակցել նախագահական ընտրություններին
Իրանի մայիսի 19-ի նախագահական ընտրություններին ծրագրում է մասնակցել երկրի քաղաքացիների 66․7 տոկոսը, հայտնում է ԻՐՆԱՆ՝ վկայակոչելով սեփական հարցման տվյալները։
Հարցման մասնակիցների ավելի քան 16 տոկոսը հայտնել է, որ դեռ որոշում չի կայացրել քվեարկությանը մասնակցելու մասին։ Գործակալությունը նշում է, որ մեկ շաբաթ առաջ ընտրություններին իր քվեարկելու մտադրության մասին հայտնել էր հարցման մասնակիցների 63 տոկոսը։
Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հարցման մասնակիցների 63․4 տոկոսը արդեն որոշել են, թե ում են տալու իրենց ձայնը, մնացածը հայտնել են, որ դեռ չեն կողմնորոշվել։
Հարցմանը մասնակցել է Իրանի 31 նահանգների ավելի քան վեց հազար բնակիչ։
Իրանում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 19-ին, քվեարկությանը մասնակցելու իրավունք կունենա ավելի քան 56 մլն իրանցի։ Կհաղթի այն թեկնածուն, որը կստանա ընտրողների ձայների ավելի քան 50 տոկոսը։ Եթե դա չհաջողվի վեց թեկնածուներից մեկին, ուրեմն կկայանա ընտրությունների երկրորդ փուլ։