ՀՀԿ նախընտրական շտաբից հորդորում են զերծ մնալ ՀՀԿ շտաբերի գործունեությունը խոչընդոտելուց
ՀՀԿ նախընտրական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է Երկիր ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ տեղի ունեցախ միջադեպին, որի արդյունքում Փոստանջյանի դուստրը բերման է ենթարկվել:
Հիշեցնենք, Երեւանի Ավան թաղամասում գտնվող քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբում այսօր քաշքշուկ է տեղի ունեցել: Ոստիկաններն ուժով դուրս են հանել քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին, որն այնտեղ էր՝ պահանջելով բացել դարակները, որտեղ ընտրակեղծարարության վերաբերյալ փաստեր կան: Ոստիկանության աշխատակիցները փորձել են բռնի ուժով բերման ենթարկել «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդին, սակայն, չկարողանալով դա անել՝ փոխարենը բերման են ենթարկել նրա դստերը:
Տարածած հայտարարության մեջ ՀՀԿ շտաբից հորդորել են բոլոր մրցակիցներին զերծ մնալ ՀՀԿ շտաբերի բնականոն գործունեությունը խոչընդոտելու քայլերից.
«Խստորեն դատապարտում ենք բանսարկությունների, ցուցադրական ակցիաների միջոցով ընտրական գործընթացը ստվերելու փորձերը, իրավապահ մարմիններին կոչ ենք անում շարունակական ջանքեր գործադրել ընտրությունների օրինական ընթացքը ապահովելու համար, իսկ լրատվական միջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք ցուցաբերել անաչառ և անկողմնակալ վերաբերմունք», - ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Զարուհի Փոստանջյանի դստերը արդեն ազատ են արձակել, իսկ քաղաքապետի թեկնածուն պատրաստվում է մամուլի ասուլիսով հանդես գալ: