23.11.2024
Երևանն ընտրում է. Քվեարկում եւ մեկնաբանում են քաղաքապետի թեկնածուները
prev Նախորդ նորություն

Բերման է ենթարկվել Փոստանջյանի դուստրը. Ըստ Շարմազանովի՝ Փոստանջյանը խանգարում է

Երեւանի Ավան թաղամասում գտնվող քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբում քիչ առաջ քաշքշուկ է տեղի ունեցել: Ոստիկաններն ուժով դուրս են հանել քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին, որն այնտեղ էր՝ պահանջելով բացել դարակները, որտեղ ընտրակեղծարարության վերաբերյալ փաստեր կան:


News.am-ը տեղեկացնում է, որ ոստիկանության աշխատակիցները փորձել են բռնի ուժով բերման ենթարկել «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդին, սակայն, չկարողացան. դրա փոխարեն բերման են ենթարկել նրա դստերը:


Զարուհի Փոստանջյանի խոսքով, իրեն բռնությամբ դուրս են հանել շտաբից, որ կարողանան վերացնել այդ փաստերը:


Այս պահին շտաբի տարածքը հսկում են մեծ թվով ոստիկաններ: Ըստ Փոստանջյանի եւ նրա համախոհների՝ ներսում նաեւ շտաբի աշխատակիցներ կան: Ոստիկանները պնդում են՝ ներսում միայն իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են:


Մեկնաբանելով միջադեպը, Երեւանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի պետ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հայտարարությունները մերկապարանոց են, իրականությանը չեն համապատասխանում, իսկ նրա գործողություններն էլ ապօրինի են: 


«Տիկին Փոստանջյանը խանգարում է ընտրության բնականոն գործընթացը, խոչընդոտում է «Հանրապետական» կուսակցության շտաբի բնականոն աշխատանքը: Սա ընդունեք որպես մեր շտաբի պաշտոնական հայտարարություն: Նա որեւէ իրավունք չունի մտնելու ՀՀԿ շտաբ: Ինչ վերաբերում է ցուցակներին, ո՞վ է ասել, որ որեւէ մեկը ցուցակ ունենալու իրավունք չունի: Ի՞նչ իրավունքով է նա մտել նախընտրական շտաբ եւ խոչընդոտում այդ պահին մեր ակտիվի աշխատանքը: Իսկ այդ ցուցակները մեր ակտիվի ցուցակներն են, մի քանի ցուցակ էլ ինձ մոտ կա, կարող է գալ, ինձնից էլ պահանջել: Ես, որպես շտաբի պետ, իրավունք ունեմ ունենալու եւ´ ակտիվի, եւ´ կուսակիցների, եւ´ ընտրողների ցուցակներ»,- ասել է նա: 


Շարմազանովը հորդորել է թույլ տալ իրենց շտաբին նորմալ աշխատել: Իսկ ընտրակաշառքի մասին ապացույցներ ունենալու դեպքում ՀՀԿ շտաբի պետը հորդորել է դրանք ներկայացնել իրավապահ մարմիններին: