23.11.2024
Դատախազությունն ուսումնասիրում է ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները
prev Նախորդ նորություն

Երևանն ընտրում է. Քվեարկում եւ մեկնաբանում են քաղաքապետի թեկնածուները

Երևանի գործող քաղաքապետ, մայրաքաղաքի ավագանու ընտրություններին ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը բարձր է գնահատում քարոզարշավի արդյունքները: Նա մայիսի 14-ին քվեարկության էր եկել ընտանիքի անդամների հետ, եւ լրագրողների հետ զրույցում հայտարարել, էր քվերկել է «հանուն Երեւանի»:


Միեւնույն ժամանակ այն դեպքում, երբ քաղաքապետի ընդդիմադիր երկու թեկնածուները՝ Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը բարձրաձայնում են ՀՀԿ-ի կողմից ընտրակաշառքի բաժանման եւ վարչական ռեսուրսի կիրառման դեպքերի մասին, ապա իշխող կուսակցության թեկնածուն կտրականապես հերքում է այդ լուրերը:


Ովքե՞րն են նրանք՝ թեկնածուները


Մայրաքաղաքում այսօր մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները, որին մասնակցում են քաղաքական երեք ուժեր՝ իշխող Հանրապետական կուսակցությունը, ընդդիմադիր «Ելք» դաշինքն ու «Երկիր ծիրանի» կուսակցությունը:


Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Ելք» դաշինքի գլխավորում է ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կրկին պատգամավոր ընտրված Նիկոլ Փաշինյանը: Նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակը գլխավորում եւ այդ կուսակցության քաղաքապետի թեկնածուն է նախկին պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը:


Տարոն Մարգարյանը հերքում ու արդարանում է


Լրագրողների հարցին, թե ինչ կարող է ասել «ԵԼՔ» դաշինքի՝ ՀՀԿ-ի շտաբերում քաղաքացիներին ընտրակաշառք բաժենելու մասին հայտարարությունների եւ ներկայացված փաստերի վերաբերյալ, նա ասաց, որ այդ փաստերը պետք է ներկայացնել իրավապահներին: «Ես այդ կարծիքին չեմ, եթե կան նման փաստեր, ապա դրանցով պետք է զբաղվեն իրավապահները: Մեր շտաբը հայտարարությամբ է հանդես եկել: Դրանք մեզ հետ կապ չունեն», - ասել է Մարգարյանը:


Տարոն Մարգարյան


ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը, ով փաստացի հրաժարվեց ընդդիմության թեկնածուների հետ բանավիճելու հրավերից, հայտարարեց, որ ինքն իրականում չի խուսափել թեկնածուների հետ բանավեճից: «Պարզապես մենք նախընտրել ենք քարոզչությունն անցկացնել ընտրողներին իրենց ծրագիրը ներկայացնելով և 4 տարում արված աշխատանքի մասին հաշվետվություն ներկայացնելով: Մենք ունեցել ենք հարյուրից ավելի բակային հանդիպումներ», - ասաց նա:


Խոսելով ընտրություններից ակնկալվող արդյունքների մասին՝ Մարգարյանը խոսքը ձեւակերպեց շատ կարճ. «Համբերեք, կտեսնենք էլի։ Քիչ ժամանակ մնաց»:


«Ուզում ենք հաղթահարել այս հուսահատությունը»


«Ուզում ենք հաղթահարել այս հուսահատությունը։ Եթե Երևանը հաղթահարեց հուսահատությունը, Հայաստանն ինքնին կհաղթահարի»,-կարծում է «Ելք» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ Քաղաքապետի թեկնածուն ավագանու ընտրություններում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս պահի դրությամբ առկա ահազանգերը, ընդհանուր առմամբ, այն են, ինչ նախկին երեք օրերին բացահայտել էին։


Նիկոլ Փաշինյան


«Ընտրակաշառքի համատարած բաժանման խնդիր ունենք, որն արդեն ապացուցված փաստ է։ Ընտրակաշառքի պրոցեսին մասնակցում են նաև քաղաքացիները և հույս ունենք, որ քաղաքացիները կհաղթահարեն ընտրակաշառքային հուսահատությունը»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ հույսը չեն դնում ԿԸՀ-ի կամ որևէ այլ մարմնի վրա և իրենց ուժերի ներածի չափով են փորձելու հետևել այդ գործերին։


Խոսելով ակնկալիքների մասին՝ Փաշինյանն ասել է, որ հաղթանակ են ակնկալում։ Փաշինյանը վստահ է, որ առանց ընտրակաշառքի՝ Հանրապետական կուսակցությունն ընտրություններում հաղթելու որևէ շանս չի կարող ունենալ որևէ ընտրություններում։


«Պայքարելու ենք, որ ընտրակաշառքով ընտրող քաղաքացիները փոխվեն, փորձելու ենք ավելի լավ հասկանալ նրանց ու ավելի հասկանալի լինել նրանց,-ասել է Փաշինյանը՝ վստահեցնելով, որ իրենց տրված որևէ ձայն թույլ չեն տա, որ կորի,-մենք իրավունք չունենք մեզ տրված որևէ ձայն թողնել չիրացված, մաքսիմալ պայքարելու ենք Հայաստանում փոփոխությունների հասնելու համար»։


«Հումանիտար ճանապարհ կեղեքիչ իշխանության համար»


Երևանի ավագանու ընտրությունների մեկնարկից րոպեներ անց իր ընտրությունը կատարեց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը։ Լրագրողների հետ զրույցում Փոստանջյանն ասաց, որ եկել է մարտական տրամադրությամբ և քվեարկել է հանուն ազատության:


Զարուհի Փոստանջյան


«Ամբողջ գիշեր դիտարկել ենք ընտրատեղամասերը, հայտնաբերել ենք, որ 9/46 ընտրատեղամասում չհրկիզվող պահարանը տեղափոխվում էր ոստիկանների կողմից: Ունենք տվյալներ, որ չհրկիզվող պահարանների շուրջ 50 տոկոսը չեն եղել տեսանելի դաշտում։ Ամբողջ օրը վերահսկելու ենք և դուրսը, և ներսը, խմբերով ակցիաներ ենք անցկացնելու»,-ասել է Փոստանջյանը՝ հորդորելով, որ քաղաքացիները գնան ընտրությունների և չենթարկվեն ճնշումների։


Ըստ Փոստանջյանի՝ այլևս չկա ժամանակ և հնարավորություն ևս մեկ անգամ անցնել ընտրակեղծարարության միջով:


«Ցնցումները մեզ բացարձակ պետք չեն և սա այն հումանիտար ճանապարհն է այս կեղեքիչ իշխանության համար, որով այդ հնարավորությունը տալիս ենք նրան հեռանալու, այս ճանապարհից ինքը պետք է օգտվի,-ասաց Փոստանջյանը՝ չբացառելով նաև հետընտրական զարգացումները,-ես հավատում եմ իմ ուժերին նաև մեր ժողովին, մենք ունենալու ենք նախադեպ և հաղթանակ, որը կարող ենք ստեղծել միասին այսօր: Այդ պատճառով կոչ եմ անում մեր քաղաքացիներին գնալ ընտրատեղամաս և անցնցում մերժել այս իշխանություններին»: