24.11.2024
ԱՀ ՊՆ. Հակառակորդը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր
prev Նախորդ նորություն

Դեսպան Վոլինկինը դատապարտել է ադրբեջանական ԶՈւ-ի՝ «Շանթի» նկարահանող խմբի գնդակոծությունը

Երբ ոտնահարվում է մարդասիրական իրավունքը, կարծում եմ՝ առողջ դատողությամբ որեւէ անձ չի կարող չդատապարտել դա: Լրագրողները, բժիշկներն ու խաղաղ մասնագիտություն ունեցող այլ անձինք չպետք է հակամարտող կողմերի կրակի տակ հայտնվեն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը՝ դատապարտելով ադրբեջանական զինուժի կողմից «Շանթ» հեռուստաընկերության նկարահանող խմբի ավտոմեքենայի գնդակոծության փաստը:


«Դա տհաճ իրադարձություն է եւ պետք է դատապարտվի»,- նշել է դեսպանը:


Անդրադառնալով օրեցօր շփման գծում աճող լարվածությանը, դեսպանն ասել է, որ ականատեսն ենք, թե ինչպես է պարբերաբար փոխհրաձգություն տեղի ունենում, բախումներ, ինչի հետևանքով մարդիկ են զոհվում:


«21-րդ դարում դա անթույլատրելի է: Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, ուղղված հակամարտության գոտում անվտանգության ամրապնդմանը, պետք է կյանքի կոչվեն»,- հավելել է նա:


Հիշեցնենք, VERELQ-ը գրել էր, որ երկու օր առաջ, երեկոյան 18-ի սահմաններում արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը: Նկարահանման խմբի ռեժիսոր Արշակ Զաքարյանը հայտնել է, որ վիրավորում ստացած «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը տեղափոխվել է Ստեփանակերտի հոսպիտալ եւ վիրահատվել: