Հակառակորդը գնդակոծել է Շանթ հետուստաընկերության մեքենան, օպերատորը վիրավորվել է. վիդեո
11.05.2017
Երեկ երեկոյան, ժամը 18-ի սահմաններում արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում գնդակոծության է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը:
Ինչպես տեղեկացնում են Շանթ հեռուստաընկերությունից, հակառակորդը հրաձգային խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է նկարահանող խմբի ավտոմեքենան: Վիրավորվել է հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը: Հավելյալ մանրամասները`Հորիզոնի թողարկումներում:
Նկարահանման խմբի ռեժիսոր Արշակ Զաքարյանը հայտնել է, որ վիրավորում ստացած «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի օպերատոր Դավիթ Աթոյանը տեղափոխվել է Ստեփանակերտի հոսպիտալ եւ վիրահատվել:
Արցախի ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը, ներկայացնելով միջադեպի մանրամասները, նշել է, որ «Շանթ»-ի օպերատորը վիրավորվել է մարտական դիրքերի միջտարածությունում:
«Մայիսի 10-ին ժ. 18.00-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի միջտարածությունում, հակառակորդի կողմից արձակված կրակոցներից, հրազենային վիրավորում է ստացել նկարահանման նպատակով դիրքեր գործուղված «ՇԱՆԹ» հեռուստաընկերության օպերատոր Դավիթ Արայիկի Աթոյանը: Վիրավորին տեղափոխել են հոսպիտալ եւ ցուցաբերել առաջին վիրաբուժական օգնություն:
Դեպքի հետ կապված մանրամասները ճշտվում են»,- գրել է Հասրաթյանը: