Քիչ առաջ ՀՀ նախագահի նստավայրում Հանրապետական կուսակցությունն ու Դաշնակցությունը կոալիցիոն համագործակցության համաձայնագիր կնքեցին:
ՀՀԿ-ից համաձայնագիրը ստորագրեց կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իսկ ՀՅԴ-ից՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագիրը կգործի մինչև 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:
Քաղաքական վերոնշյալ երկու ուժերը կոալիցիոն հուշագրով քաղաքական պատասխանատվություն են ստանձնել կառավարության ողջ գործունեության համար: Ստորագրված փաստաթղթում ամրագրված են քաղաքական կոալիցիայի շրջանակներում համագործակցության ռազմավարական նպատակները, կոալիցիայի առաջնահերթությունները, գործունեության և կազմակերպման կարգը:
ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն ասել է, որ նոր համագործակցությամբ կպահպանվեն ՀՅԴ-ին 2016-ին տրամադրված նախարարական երեք պորտֆելներն ու երկու մարզպետի պաշտոնը: Բացի դրանից երկու կուսակցությունների համագործակցության աշխատակարգը նոր թափ կստանա եւ ՀՀՅ-ՀՅԴ քաղաքական խորհուրդը պարբերաբար նիստեր կգումարի որտեղ որոշումները կկայացվեն կոնսենսուսի միջոցով:
Արմեն Ռուստամյանի խոսքով` այս պահին ՀՅԴ-ն իրենց նախարարներին եւ մարզպետներին այլ ՀՅԴ-ականներով փոխարինելու մտադրություն չունի: ՀՀԿ-ի հետ քաղաքական համագործակցության այս նոր հուշագրով ավելի մեծ ուշադրություն կդարձվի կոռուպցիայի դեմ պայքարին, կադրային քաղաքականությանը եւ ընտրական գործընթացներին:
«Կոալիցիոն հուշագրի համար հիմք են հանդիսացել նոր Սահամանդրությունը,նախորդ համագործակցության հուշագիրը, մեր ծրագրերը, նաև մարդը, հասարակությունը և պետությունը: Մենք ունենք ընդհանուր արժեհամակարգ, որոնց հիման վրա խարսխվել է այն տեքստը, որ երկու ազգային կուսակցություններ հաստատել են»,- ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա` հիմնական դրույթները վերաբերում են հակակոռուպցիոն պայքարի, ազգ-բանակ համակարգի ներդրման, իրավական դաշտի բարեփոխումների, մրցունակ տնտեսության զարգացման և մարդու իրավունքների հետ շաղկապված ինստիտուտների ներդրման հարցերին:
Նշենք, որ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև ստորագրված համաձայնագիրը, ըստ էության, նախորդի շարունակությունն է՝ քաղաքական ուժերը 2016 թվականի փետրվարից կոալիցիոն գործընկերներ են հանդիսանում, ինչը ՀՅԴ-ին նախարարարական երեք պորտֆել և երկու մարզպետի պաշտոն էր ապահովել:
Մայիսի 18-ին տեղի կունենա նորընտիր Ազգային Ժողովի առաջին նիստը, որից հետո կձևավորվի նոր կառավարությունը:
ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագիրում մասնավորապես ասվում է.
«ՀՈՒՇԱԳԻՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը՝
- վերահաստատելով 2016 թվականի փետրվարի 24-ին երկու կուսակցությունների միջև կնքված քաղաքական համագործակցության մասին համաձայնագրին իրենց հավատարմությունը և նրանում ամրագրված դրույթների կատարման պատասխանատվությունը,
- հաշվի առնելով 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրության արդյունքները,
- համադրելով Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ներկայացրած նախընտրական ծրագրերը,
- կարևորելով 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական բարեփոխումներով սկսված համակարգային և որակական փոփոխությունները խորացնելու և անշրջելի դարձնելու անհրաժեշտությունը,
- առաջնահերթ համարելով հասարակության մեջ պետության և ապագայի հանդեպ վստահության ու լավատեսության հիմքերի ստեղծման նպատակով նոր որակի իշխանության ձևավորումը,
- նպատակ ունենալով կառավարության կազմում երկու կուսակցությունների համատեղ ջանքերով ապահովելու մարդու անվտանգ ու բարեկեցիկ կյանքը՝
ձևավորում են քաղաքական կոալիցիա և քաղաքական պատասխանատվություն են ստանձնում կառավարության ողջ գործունեության համար:
Համագործակցության ռազմավարական նպատակները
1.1. Ամբողջացնել մարդու արժանապատվության անխախտելիության ու իրավունքի գերակայության սկզբունքների լիարժեք իրացումը երաշխավորող մարդու իրավունքների ու ազատությունների ապահովման համակարգը:
1.2. Կառավարման խորհրդարանական ձևին անցնելու այս փուլում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համահունչ և միջազգային լավագույն փորձի հաշվառմամբ, ձևավորել համապատասխան օրենսդրություն:
1.3. Ապահովել հանրային իշխանության բոլոր մարմինների թափանցիկ, հաշվետու և արդյունավետ աշխատանքը՝ ձևավորելով սահմանադրական նոր կարգից բխող ներիշխանական հարաբերություններ:
1.4. Նպաստել քաղաքական կուսակցությունների միջև մրցակցության, հանդուրժողականության և համագործակցության մթնոլորտի խորացմանը, կուսակցությունների ներքին ժողովրդավարության զարգացմանը:
1.5. Երաշխավորել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ընդհանուր անվտանգությունը:
1.6. Արտաքին հարաբերություններում առաջնորդվել բացառապես ազգային-պետական շահերով:
1.7. Ապահովել հայ ժողովրդի լիարժեք և անմիջական մասնակցությունը հայոց պետականության ամրապնդման գործում՝ վերարժևորելով հայության տարբեր հատվածների դերն ու նշանակությունը:
Քաղաքական կոալիցիայի առաջնահերթությունները
2.1. Նոր թափ հաղորդել հակակոռուպցիոն պայքարին և արժանիքահենք կադրային քաղաքականությանը:
2.2. Սահմանել արդյունավետ կառավարման չափորոշիչներին համապատասխանող կառավարության նոր կառուցվածք և գործունեության կարգ:
2.3. Ամբողջացնել ազգ-բանակ հայեցակարգը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հայրենական գիտական և տեխնոլոգիական մտքի վրա հիմնված ռազմարդյունաբերական համակարգի ստեղծմանը:
2.4. Շարունակել կատարելագործել ընտրական համակարգը:
2.5. Ձևավորել կայուն զարգացում ապահովող սոցիալական շուկայական տնտեսական համակարգ, վերանայել իրականացվող սոցիալական քաղաքականությունը:
2.6. Սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնք կբացառեն բնական ռեսուրսների գերշահագործումը, նվազագույնի կհասցնեն շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի և առողջության վրա բացասական ազդեցությունը, կապահովեն բնական ռեսուրսների արդյունավետ կառավարումը և դրանց նկատմամբ վերահսկողությունը:
Քաղաքական կոալիցիայի գործունեության և կազմակերպման կարգը
3.1. Քաղաքական կոալիցիոն համագործակցությունը վերաբերում է կառավարության ողջ գործունեությանը:
3.2. Քաղաքական կոալիցիայի կողմերն առաջնորդվում են փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության, տարաձայնությունները բանակցությունների և քննարկումների միջոցով լուծելու մոտեցումներով՝ հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության ամբողջական պատասխանատվության գիտակցմամբ:
3.3. Քաղաքական կոալիցիայի կողմերը քաղաքական պաշտոնները միմյանց միջև բաշխում են խորհրդակցությունների միջոցով ձեռք բերված համաձայնությամբ: Վարչապետի առաջադրման իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:
3.4. Քաղաքական կոալիցիայի կողմերը մինչև համապատասխան պաշտոնի համար թեկնածու ներկայացնելը՝ այն ներկայացնում են կոալիցիայի մյուս կողմին:
3.5. Քննարկումների արդյունքում տվյալ կուսակցությանը վերապահված պաշտոնում կարող է նշանակվել միայն տվյալ կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն:
3.6. Թեկնածուի առնչությամբ մյուս կուսակցությունը կարող է ներկայացնել դիրքորոշումներ, որոնք հրապարակման ենթակա չեն:
3.7. Քաղաքական կոալիցիայի կողմերը պարտավորվում են.
3.7.1. Սահմանադրության փոփոխությունները, սահմանադրական օրենքները ընդունել համախոհությամբ: Կողմերը պետք է ձգտեն այլ հարցերի շուրջ որոշումները ևս ընդունել համախոհությամբ:
Համախոհություն չձևավորվելու դեպքում քաղաքական կոալիցիայի կողմերը, պահպանելով փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության նորմերը, կարող են հրապարակայնորեն ներկայացնել իրենց դիրքորոշումները: Համախոհության բացակայության դեպքում, անկախ իրենց դիրքորոշումից, կողմերը պարտավոր են ապահովել ընդունված որոշման իրագործումը իշխանության բոլոր մակարդակներում և օղակներում:
3.7.2. Համագործակցության կողմերից մեկի առաջարկությամբ քննարկման առարկա դարձնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և կառավարության գործունեությանը վերաբերող ցանկացած հարց:
3.7.3. Քաղաքական կոալիցիայի աշխատանքների արդյունավետության, կանոնավոր միջկուսակցական շփումների ապահովման և տեսակետների համադրման նպատակով ձևավորել կոալիցիոն խորհուրդ, որն իր գործունեությունը իրականացնում է պարբերաբար հրավիրող նիստերի միջոցով: Կողմերի համաձայնությամբ կարող են ձևավորվել նաև մարզային խորհուրդներ:
3.8. Քաղաքական կոալիցիայի կողմերի միջև սկզբունքային տարաձայնությունների առաջացման դեպքում դրանք լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կուսակցություններից յուրաքանչյուրը, մյուս կողմին գրավոր տեղեկացնելով, կարող է դուրս գալ կոալիցիայից:
3.9. Քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին սույն հուշագիրը գործում է մինչև 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ
Արմեն Աշոտյան
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյան»: