Դիվանագիտական նոր սկանդալ՝ Գերմանիայի և Թուրքիայի միջև
Թուրք զինվորականներին ապաստան տալու Գերմանիայի իշխանությունների որոշումը Թուրքիան համարում է երկու երկրների միջև հարաբերություններին ուղղված հարված: Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:
«Մենք հիասթափված ենք, որ Գերմանիան որոշել է քաղաքական ապստան շնորհել նախկին զինվորականներին, որոնք կապված են FETO-ի (Ֆեթուլլահ Գյուլենի) կողմնակիցների հետ, որը ձեռնարկել է հուլիսի 15-ի հեղաշրջումը: Ապացույց կա, որ նրանք կապ ունեն FETO-ի հետ, և Գերմանիայի այս քայլը խարխլում է երկու երկրների հարաբերությունները և չի համապատասխանում դաշնակցային հոգուն»,- ասվում է հայտարարությունում:
Թուրքիայի ԱԳՆ-ում կարծում են, որ «Գերմանիան անտեսել է ժողովրդավարական արժեքները՝ գրկաբաց ընունելով հեղաշրջման մասնակիցներին»:
«Ակնկալում ենք, որ Գերմանիան կվերանայի իր որոշումը և անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում՝ FETO-ի դեմ պայքարում»,- ասվում է հայտարարության մեջ: