Ռոհանին մեղադրել է նախագահի թեկնածուներին հասարակության մեջ «պատեր կառուցելու» համար
Իրանում բուռն բանավեճեր են ծագել երկրի նախագահ Հասան Ռոհանիի վերջին հայտարարությունից հետո:
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Ռոհանին պահպանողականների ճամբարի իր մրցակիցներին մեղադրել է Իրանում կանանց և տղամարդկանց միջև պատ կառուցելու մտադրության համար: «Կգա ժամանակ, երբ նրանք կորոշեն, որ Թեհարնի մայթերին պետք է պատեր կառուցել, որպեսզի առանձնացնեն հետիոտն կանանց և տղամարդկանց»,-ասել էր Ռոհանին:
Պահպանողակններն իրենց հերթին շտապել են պատասխանել Ռոհանիին:
«Այդ հայտարարությունը ծիծաղելի է և չի կարող մոլորության մեջ գցել: Իրականում պատն արդեն կառուցված է: Այդ պատը առևտրական կառավարության և սովորական իրանցիների միջև է, որոնց ափսեները դատարկ են»,-ասել է Իրանի մեջլիսի նախկին պատգամավոր Ալի Ռեզա Զաքանին:
Իրանի նախագահական ընտրություններում, որոնք կայանալու են մայիսի 19-ին, Ռոհանիի գլխավոր մրցակից, երկրի նախկին դատախազ Էբրահիմ Ռաիսին իր հերթին խոստովանել է, որ նախատեսում է պատ կառուցել, բայց ոչ թե մայթերին, այլ «գանձագողերի և ժողովրդի միջև, որպեսզի պաշտպանի ժողովրդի սեփականությունը յուրացումներից»: