Թրամփն ու Էրդողանը կհանդիպեն մայիսի 16-ին. Սպիտակ տունը հաստատել է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում մայիսի 16-ին կընդունի Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Սպիտակ տան փոխանցմամբ՝ նրանք կքննարկեն երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր, հողորդում է ՌԻԱ Նովոստին:
«Նախագահ Թրամփը նախագահ Էրդողանին կընդունի մայիսի 16-ին Սպիտակ տանը: Երկու երկրների առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման եւ ահաբեկչության բոլոր դրսեւորումների դեմ պայքարում համագործակցության խորացման հարցեր»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Հատկանշական է, որ օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներին (YPG) զենք տրամադրելու մասին որոշումը, որը խիստ հակազդեցության է արժանացել Թուրքիայում: Զենքի տրամադրման նպատակն է՝ ահաբեկիչներից Ռաքքա քաղաքի ազատագրումը:
Թուրքիայի կառավարությունը կոչ է արել Վաշինգտոնին «հետ կանգնել բռնած սխալ ուղուց» և նշել, որ այն համոզմունքը, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը կարող է արդյունավետ լինել միայն քուրդ զինյալների հետ համագործակցելու պարագայում, իրականության հետ ոչ մի կապ չունի:
Թուրքիան սուր տարաձայնություններ ունի ԱՄՆ-ի հետ Սիրիայում եւ Իրաքում քրդերի հետ կապված: ԱՄՆ-ը քրդական ջոկատները համարում է դաշնակից միավորումներ, իսկ Թուրքիան նրանց հավասարեցնում է ահաբեկիչների հետ:
YPG-ի հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իրենց ուժերին զենք տրամադրելու մասին որոշման ստորագրման համար:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս էր հայտնել, որ ԱՄՆ Սիրիայի քրդերին զինելու որոշումը կփոփոխվի մինչև իր՝ Վաշինգտոն կատարվելիք այցը։ Էրդողանը հայտարարել է, որ «ցանկանում է հավատալ, թե Թուրքիայի դաշնակիցները կկանգնեն Անկարայի կողքին և չեն օգնի ահաբեկչական կազմակերպություններին»։