Մոսկվան ու Վաշինգտոնը քննարկել են միջազգային ասպարեզում փոխգործակցության հնարավորությունները։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով հայտնել է, որ չնայած հայտնի բարդություններին՝ երկրները կարող են ու պետք է միասին օգնեն լուծել այն առանցքային խնդիրները, որոնք կանգնած են միջազգային օրակարգում, հայտնում են միջազգային լրատվամիջոցները։
Նրա խոսքով, հանդիպումների արդյունքներով ինքը համոզվել է, որ Թրամփի վարչակազմը, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահը ու պետքարտուղարը «գործի մարդիկ են» ու «նրանք ուզում են պայմանավորվել»։ Լավրովը նշել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ երկխոսությունը «ազատ է գաղափարականացումից, որը բնորոշ էր Օբամայի վարչակազմին»։ Միեւնույն ժամանակ նա հավելել է, որ խնդիրներն այնքան շատ են, որ մեկ հանդիպումով կամ նիստով հնարավոր չէ դրանք բոլորը լուծել: «Ժամանակ է պետք, սակայն կարեւորն այն է, որ կա դրանք լուծելու ցանկություն եւ ձգտում», - ասել է նա:
Հանդիպումների ընթացքում, նշել է Լավորվը, քննարկվել են Սիրիայի հարցով Աստանայում բանակցությունների հաջորդ փուլի հեռանկարները ու դեէսկալացիայի գոտիների ստեղծումը։ Նրա խոսքով, Մոսկվան ու Վաշինգտոնն ունեն ընդհանուր գիտակցում, որ նման գոտիները պետք է դառնան քայլ՝ դեպի ամբողջ երկրի տարածքում բռնության դադարեցում, օգնելով լուծել հումանիտար խնդիրները ու ստեղծելով հիմքեր քաղաքական կարգավորման համար։
Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը անվանել է «շատ, շատ լավ»։ «Մենք անցկացրել ենք շատ, շատ լավ հանդիպում»,- ասել է Թրամփը Լավրովի հետ հանդիպումից հետո։ «Մենք մտադիր ենք դադարեցնել սպանությունները ու մահերը (Սիրիայում)»,- նշել է նա Սպիտակը տանը լրատվամիջոցների հետ կայացած հանդիպմանը։
Նշվում է, որ Թրամփի ու Լավրովի հանդիպումը անցել է մամուլի համար փակ ռեժիմով ու տեւել է քառասուն րոպե, որին մասնակցել է նաեւ ԱՄՆ ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակը։ Միացյալ Նահանգներում ՌԴ դեսպանությունն իր Թվիթերի մկրոբլոգում հրապարակել է Կիսլյակի նկարը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Թրամփը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում շեշտել է սիրիական հակամարտության կարգավորման համար համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը։ Մասնավորապես Թրամփը շեշտել է, որ Ռուսաստանին անհրաժեշտ է «սանձահարել Ասադի ռեժիմը, Իրանին ու իրանցի միջնորդներին»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։
Խոսելով Ուկրաինայի մասին, Թրամփը հաստատել է իր վարչախմբի հանձնառությունը՝ պահպանել ներգրավվածությունը հակամարտության կարգավորման գործում ու շեշտել է Ռուսաստանի պատասխանատվությունը Մինսկյան համաձայնագրերի ամբողջական իրականացման հարցում։ Նա նաեւ նշել է Մերձավոր արևելքում ու մյուս տարածաշրջաններում հակամարտությունների լուծման գործում համագործակցության ընդլայնման հնարավորությունը։ Թրամփը նաեւ ցանկություն է հայտնել բարելավել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հարաբերությունները։
Հանդիպման արդյուքներով Լավորվը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հուլիսին Համբուրգում կայանալիք հանդիպման մասին տեղեկատվությոնը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նախագահների հանդիպմանն ընդառաջ արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մի շարք հարցերի շուրջ աշխատանքներ կկատարեն: «Նախագահները վերջին հեռախոսազրույցի ժամանակ արդեն հաստատել էին, որ կհանդիպեն հուլիսի առաջին հատվածում անցկացվելիք «G20»-ի գագաթնաժողովի շրջանակներում: Այսօր էլ Թիլերսոնի հետ խոսել ենք այն մասին, թե ինչպես կարող ենք աշխատել օրակարգի հարցերի շուրջ», - ասել է Լավրովը: