Եվրամիությունը վերջերես իր ծրագերերից խոշոր չափի հասնող հափշտակությունների աղմկահարույց բացահայտումներից հետո, կոչ է անում Հայաստանին իր օրինակին հետեւել եւ ոչ միայն բաց խոսել կոռուպցիայի մասին, այլ բացահայտել այն եւ պայքարել դրա դեմ:
«Այնպես, ինչպես մենք ենք թափանցիկ աշխատում, բացահայտում խարդախության դեպքերը Եվրամիության ծրագրերում, նույնկերպ հորդորում ենք աշխատել նաեւ Հայաստանի կառավարությանը եւ իրավապահներին», - այս մասին «Մեդիա կենտրոնում» մայիսի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ վստահություն հայտնելով, որ վերջերս տեղի ուենցած աղմկահարույց խարդախության դեպքի բացահայտումը ոչ թե կթուլացնի, այլ կամրապնդի Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն է կատարվել, ինչի առիթով հարուցվել է քրեական գործ, կա ձերբակալված, հետախուզվողներ: Մեր տեղեկություններով՝ խոսքը տարբեր տարիների՝ 2009 թվականից սկսած ԵՄ-ի հատկացրած դրամաշնորհներից կատարված հափշտակությունների մասին է։ Հափշտակված գումարի չափը կազմում է մոտ 280 միլիոն դրամ (535 հազար եվրո): Սակայն գումարի չափը հնարավոր է ավելանա:
Որպես մեղադրյալ գործում ներգրավված անձինք են`Տիգրան Սուքիասյանը, Գևորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաև Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը եւ Գեղամ Պետրոսյանը: Հատկանշական է, որ գործով անցնող գլխավոր մեղադրյալներից մեկը՝ Մարինե (Մոնիկա) Պապյանը, ըստ պաշտոնական տեղեկատվության, չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը:
Ասուլիսին ԵՄ դեսպանը, պատասխանելով, խաչդախության դեպքի մասին լրագրողի հարցին, նախ վերաշարադրեց խնդրի վերաբերյալ ԵՄ դեսպանության տարածած մամուլի հաղորդագրությունը՝ առանձնացնելով մեկ «կարեւոր հանգամանք»: «Այս խարդախության դեպքը բացահայտել է Եվրամիությունը՝ ներքին հետաքննության արդյունքում: Սա կարևոր տարր է, որը ցույց է տալիս մեր աշխատանքի մեխանիզմները: Սա դրական է խոսում Եվրամիության մասին», - ասաց դեսպանը՝ հավելելով, որ տվյալ հանցագործությունը բացահայտվել էր Եվրամիության Խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակի (OLAF-ի) միջոցով:
Այս կառույցի գործունեությունը, նշում է դեսպանը, պետք է օրինակ դառնա Հայաստանի համար: «Դրական է, որ գոյություն ունի նման անկախ կառույց: Սա ցույց է տալիս, թե նման անկախ կառուցները որքան արդյունավետ են աշխատում», - ասաց Սվիտալսկին՝ կոչ անելով ՀՀ կառավարությանը հետևել OLAF-ի օրինակին և նույնպես ունենալ նման անկախ կառույց: «Եթե ՀՀ-ի կառավարությունը շահագրգռված է իմանալ, թե ինչպես է աշխատում OLAF-ը, մենք բաց ենք օգնելու եւ այդ փոձով կիսվելու համար»,- ասաց նա:
Եվրամիության ծրագերերում բացահայտված աղմկահարույց հափշտակությունների դեպքի վերաբերյալ տարբեր հրապարակումներ եղան մամուլում, որոնցում մտահոգություն էր հայտնվում առ այն, որ այս դեպքը կարող է ազդել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վրա: Դեսպանը նշեց, որ ծանոթ է այդ հրապարակումներին, սակայն ուղիղ հակառակ եզրակացությունն արեց: Այն է՝ այս դեպքից հետո, ըստ դեսպանի, Հայաստան-ԵՄ-ը կարող են ավելի մտերմանալ:
«Ես կարծում եմ, որ Հայաստան-ԵՄ-ն կարող են ավելի մտերմանալ, քանի որ OLAF-ն ու Քննչական կոմիտեն շատ լավ են միասին աշխատում գործի բացահայտման ուղղությամբ»,- ասաց նա՝ մանրամասնելով, որ այս ամբողջ ընթացքում OLAF-ի աշխատակիցները տեղեկացված են եղել Հայաստանի քննիչների աշխատանքից: «Երկու կողմերի շահերից է բխում համագործակցել միմյանց հետ, նման համագործակցությունը կարող է բերել լավ արդյունքներ: Ես հույս ունեմ, որ ՀՀ քննչական կոմիտեն նույն լրջությամբ կվերաբերի մնացած բոլոր այլ ազդակներին ևս, որոնք գալիս են այլ կազմակերպություններից»,- ասաց դիվանագետը՝ միաժամանակ զերծ մնալով մեղավորների մասին դատողություններ անելուց:
«Ես չեմ ցանկանում խախտել անմեղության կանխավարկածը: Բոլորը եզրակացություները պետք է թողնել դատարանին», - ասաց նա: Դրա հետ մեկտեղ Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ը բաց է խոսել կոռուպցիոն դեպքերի մասին, քաջալերում է մամուլին հետաքննություններ կատարել եւ պատրաստ է պայքարել այդ արատավոր երեւույթի դեմ: «Կոռուպցիան Եվրամիությունում տարեկան շուրջ մեկ մլրդ դոլարի վնաս է տալիս: Մենք գիտենք այս մասին, ավելին՝ մենք իքներս ենք բաց խոսում եւ ահազանգում այս խնդրի մասին: Մենք նաեւ պատրաստ են պայքարելու դրա դեմ», - պարզաբանեց դեսպանը:
Նա նաեւ հատուկ ընդգծեց, որ Եվրամիության ծրագրերում բացահայտված խարդախության գործը չի կարող բացասական անդրադառնալ ԵՄ-ի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջեւ համագործակցությանը: «Այս երևույթը մեզ և մեր հայ գործընկերներին կարող է դարձնել ավելի ուժեղ: Մենք շարունակելու ենք քաղաքացիական հասարակության հետ էլ աշխատել: Մենք հիասթափված չենք», - եզրափակեց նա: