Արցախյան հիմնահարցը ուժի դիրքերից լուծելու Բաքվի բոլոր փորձերը դատապարտված են ձախողման
Չնայած 2016 թվականի ապրիլին հակառակորդը գործողության մեջ էր դրել իր ողջ զինանոցը, պաշտպանության բանակին հաջողվել է տապալել ադրբեջանական կողմի բոլոր ծրագրերը, և ինչպես 1994թ. մայիսին, այնպես էլ 2016թ. ապրիլին Ադրբեջանը հարկադրված էր դիմել պաշտոնական Մոսկվայի միջնորդությանը՝ հրադադար հաստատելու խնդրանքով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարել է Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:
Անդրադառնալով անցած տարվա ապրիլից հետո առաջնագծում կատարված հսկայածավալ կահավորման, ինժեներա-ամրաշինական աշխատանքներին և ներդրված նորագույն տեխնոլոգիաներին, Մնացականյանը վստահեցրել է, որ պաշտպանության բանակն այսուհետ ևս ի զօրու է պատվով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը և ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ գոյակցությունը.
«Հակառակորդի՝ արցախյան հիմնահարցը ուժի դիրքերից լուծելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման»,- ընդգծել է նա:
Նա նշել է նաև, որ առկա տեղեկատվության համաձայն՝ ապրիլյան հարձակման ընթացքում հակառակորդը տվել է մինչև 1000 զոհ, մոտ 2000 վիրավոր և ստիպված է եղել մեկ անգամ ևս դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ իրենց միջնորդությամբ հրադադարը հաստատելու համար: