23.11.2024
Արցախյան հիմնահարցը ուժի դիրքերից լուծելու Բաքվի բոլոր փորձերը դատապարտված են ձախողման
prev Նախորդ նորություն

Մամուլ. Առաջիկայում ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբում մեծ փոփոխություններ կլինեն

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Առաջիկա օրերին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբում մեծ փոփոխություններ կլինեն: Մինչ այժմ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանն ուներ չորս տեղակալ: Որոշվել է կրճատել նրանցից երեքի հաստիքը: «Փաստի» տեղեկություններով «կրճատման տակ են» Հայկազ Բաղմանյանը եւ Ստեփան Գալստյանը, իսկ Ապրիամովի փոխարեն նոր տեղակալ չի նշանակվի: Որոշվել է, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետը ունենա միայն մեկ տեղակալ: Այդ տեղակալը կլինի գեներալներից ամենաերիտասարդը` 47–ամյա գեներալ–մայոր Օնիկ Գասպարյանը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանից «դաբրո» է ստացել՝ մինչեւ վերջ մանդատ ստացած ութ հոգուց հետ ստանալ մանդատները։ Այժմ հետեւողականորեն այդ գործընթացն է տեղի ունենում։ Սերժ Սարգսյանը այդ «դաբրոն» տվել է երկու նպատակով, որ ապացուցի՝ ինքը կապ չունի այս սկանդալի հետ եւ երկրորդ, եթե այս պրոցեսի հետեւում կան մարդիկ, ովքեր ձեռքեր են ուզում տաքացնել Ծառուկյանին թուլացնելով, այդ մարդիկ նաեւ իր թշնամիներն են։ Սերժ Սարգսյանը հասկացրել է՝ Ծառուկյանի թուլացումն ու «Ծառուկյան» խմբակցության տրոհումը իրեն պետք չէ եւ նրա սրտով չէ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ քաղաքական շրջանակները քննարկում են «Ծառուկյան» դաշինքի շուրջ ընթացող պրոցեսները եւ մասամբ տեղեկությունների, մասամբ ենթադրությունների հիման վրա դրանք կապում իշխանության հետ, գործող իշխանությունն ամեն ինչ անում է, որ հերքի կասկածները: Մի կողմից Շարմազանովն ու մյուս «խոսող» ՀՀԿ-ականներն են ամենուրեք պնդում, թե կապ չունեն ոչ ինքնաբացարկների, ոչ ինքնաբացարկներից հրաժարվելու հետ: Մյուս կողմից ՀՀԿ նախագահն է քայլեր ձեռնարկում կասկածներն իրենից հեռացնելու ուղղությամբ: Նա տեղի ունեցածից հետո, ասում են, հեռախոսազրույց է ունեցել Ծառուկյանի հետ, նրան իր զորակցությունը հայտնել եւ «կոշտ» արտահայտվել «հրաժարվողների» հասցեին: Ըստ որոշ լուրերի, անգամ հարցրել է, թե ինչով կարող է օգտակար լինել նրան»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր շարունակ առաջիկա նշանակումները գաղտնի պահող Սերժ Սարգսյանն արդեն սկսել է բացել «քարտերը»: Ընդամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում՝ նրա անունը չկար ինքնաբացարկ հայտնածների ցանկում: Իսկ դա նշանակում է, որ արդարադատության նախարարի թափուր պաշտոն կունենանք: Իշխանական կուլիսներից տեղեկություններ էին սպրդում, որ արդարադատության նախարարի փնտրտուքներ են ընթանում: Հավանական թեկնածուների թվում շոշափվում էին Հրայր Թովմասյանի, Գեւորգ Կոստանյանի, անգամ Հովհաննես Սահակյանի եւ Տիգրան Մուկուչյանի անունները: Սակայն երեկ տեղեկացանք, որ Սերժ Սարգսյանը կանգ է առել նրա վրա, ում անունն այս օրերին ընդհանրապես չի շոշափվել՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ նախագահի իրավական հարցերով օգնական Հրայր Ղուկասյանի: Նա վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Հովհաննես Ղուկասյանի որդին է, քրեական իրավունքի մասնագետ, դոցենտ, մասնակցել է մի շարք օրենքների մշակմանը: Աշխատել է որպես փաստաբան, նաեւ դասավանդել է ԵՊՀ-ում, 2014-ին նախագահի ռեֆերենտ է նշանակվել, 2016-ին՝ օգնական»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով’ օրերս Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն 9 մլն դրամանոց «Լեքսուս» մակնիշի ջիպ է նվիրել իր թիմակիցներից’ տարածաշրջանում հայտնի Կյաժին (Վահրամ), ով Արտաշատի մի քանի գյուղերում բավականին լուրջ ներդրում է ու­նեցել Արգամ Աբրահամյանի հաղթանակի գործում: Համաձայն տեղա­ցիների՝ նախընտրական քարոզչության ընթացքում մարզի ՀՀԿ- ականները բազմիցս փորձել են չեզոքացնել Վահրամին, անգամ խաբեությամբ ծեծ ու ջարդ կազ­մակերպելով, հետո նույն գործով ոստիկանությունում վերջինիս վրա քրեական գործ հարուցելով: Այդուհանդերձ, Արգամի գնահատանքից հասկանալի է դառնում, որ Կյաժը հաստատակամ է գտնվել: «Նեղ» շրջապատում, թերեւս հանրության «լայն շերտերի համար», հայտարարվել է նաեւ, որ դա միայն սկիզբն է, առաջիկայում սպասեք «նոր անակնկալների»: Նվիրել են Աբրահամյաննե­րը, բոլորը դա գիտեն, բայց նվիրատուները հայտարարում են, որ մեքենան «Բարգավաճ Հայաստան»-ի նվերն է կուսակցությանը ձայներ ապահովելու համար»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը հրաժարվել է ֆեդերացիայի նախագահությունից։ Հիմա ընդունման-հանձնման գործընթացն է սկսել։ Սամվել Կարապետյանի այս քայլը, ըստ էության, բացատրվում է Ծառուկյանի հետ նրա ունեցած լարված հարաբերություններով, որը սկիզբ էր դրվել Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու որոշում կայացնելուց ի վեր»:


«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նեղ շրջանակում կասկած է հայտնել, որ Սամվել Կարապետյանի գլխավորած ներդրումային ակումբում հայտնված մարդիկ ի վիճակի կլինեն խոստացված փողը Հայաստան բերել։ Աբրահամյանն ասել է, որ բոլոր գործարարներին անձամբ է ճանաչում, ու բացի Սամվել Կարապետյանից այդ ակումբում նորմալ ու անկախ գործ անող ու փող աշխատող մարդ չկա Ռուսաստանում․ բոլորը վարկերի տակ կքած են ու շատերին Սամվել Կարապետյանն է անձամբ ֆինանսապես օգնում վարկերի պատճառով չսնանկանալու համար: Արա Աբրահամյանն ասել է, որ այդ գործարարներից շատերի հետ այս ընթացքում հանդիպել է, և նրանք բողոքում են, որ Սամվել Կարապետյանը իրենց ստիպողաբար է տարել Հայաստան, իսկ իրենք փող չունեն երկիր բերելու համար: