«Made in Armenia» մակնշմամբ արտադրանքը միջազգային շուկայում դառնում է ավելի պահանջված
«Made in Armenia» մակնշմամբ արտադրանքը միջազգային շուկայում գնալով դառնում է ավելի պահանջված և տարածված: Այս մասին Հայաստանում արդյունաբերության ոլորտում սփյուռքահայ ներդրողների արտադրանքների ցուցահանդես-վաճառքի ժամանակ հայտարարել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Անդրադառնալով սփյուռքահայերին, նախարարը նշել է, որ նրանց արտադրանքը բավականին մրցունակ է և նորարարական, իսկ պետությունը ստեղծում է հայրենադարձվածների համար բոլոր պայմանները, որպեսզի նրանց գործունեությունը ավելի հեշտ լինի ու անխոչընդոտ:
«Վերջին շրջանում կառավարությունը հարկային արտոնություններ է սահմանում սփյուռքահայ ներդրողների և արտադրողների համար, ինչպես նաև կառավարության ուշադրության կենտրոնում են փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները: Իսկ Հայաստան վերադարձած սփյուռքահայերի մեծ մասը հենց փոքր և միջին ձեռնարկատերեր են»,- ընդգծել է նա:
Նշենք, որ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի (RepatArmenia) տվյալներով՝ տարեկան մոտավորապես 1000-1500 սփյուռքահայ տեղափոխվում է Հայաստան: Նախարարության տվյալների համաձայն՝ միայն 2016 թվականին 428 սիրիահայ է տեղափոխվել Հայաստան: