24.11.2024
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը նախատեսվում է փակել եկող ամիսներին
prev Նախորդ նորություն

Փակվում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը. միջազգային արձագանք

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մութոննենը (Ավստրիա) եւ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինն հանդես են եկել հայտարարությամբ եւ ափսոսանք հայնտել, որ հնարավոր չի եղել համաձայնության գալ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատը երկարաձգելու շուրջ: Ակնկալվում է, որ գրասենյակը կփակվի մոտակա ամիսներին:


«Ցավալի է, որ, չնայած երկարատեւ ջանքերին, Մշտական խորհուրդը չի կարողացել համաձայնության գալ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատը երկարաձգելու եւ գրասենյակի կարեւոր աշխատանքի շարունակականությունն ապահովելու հարցում: ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը կոչ է արել տալ ԵԱՀԿ դաշտային առաքելություններին գործունեության մանդատներ եւ բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, որպեսզի նրանք կարողանան իրականացնել իրենց համար կարեւոր ծրագրերը: Սակայն, ցավոք, եւս մեկ գործունեության դաշտ փակվում է»,- ասել է Մութոննենը:


Վիգենինն, իր հերթին, շեշտել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կարեւորությունը Հայաստանի եւ ԵԱՀԿ-ի համար՝ նշելով որ ԵԱՀԿ ԽՎ-ն կշարունակի մնալ ակտիվորեն ներգրավված տարածաշրջանում:


«Հաշվի առնելով անցած տարիների ընթացքում Վրաստանում եւ Ադրբեջանում ԵԱՀԿ գրասենյակների փակումը` երեւանյան գրասենյակը խորհրդանշական նշանակություն եւ գործնական կարեւորություն ունի, որը չպետք է թերագնահատել: Ես անձամբ օգուտ եմ քաղել գրասենյակի փորձառությունից դիվանագիտական այցերի ընթացքում եւ հուսով եմ, որ առաքելության վերջնական փակմանը նախորդող միջանկյալ ժամանակահատվածում հնարավոր կլինի հասնել փոխզիջումային լուծման, որպեսզի երկիրը հնարավորություն ստանա օգտվել ԵԱՀԿ գրասենյակի աջակցությունից»,- նշել է Վիգենինը:


2014 թվականի Բաքվի հռչակարգրում ԵԱՀԿ ԽՎ-ն կոչ էր արել «ընդունել ամբողջական, արդյունավետ եւ երկարաժամկետ մանդատներ ԵԱՀԿ դաշտային առաքելությունների համար»:


«Հայաստանը շարունակելու է գործել որպես ԵԱՀԿ ակտիվ եւ նախաձեռնող անդամ՝ իր նպաստը բերելով կազմակերպության նպատակների իրականացմանը։ Հայկական կողմը պատրաստ է դիտարկել Հայաստանում ԵԱՀԿ-ի ծրագրերի իրականացման առաջարկները, որոնք մասնավորապես, հնչեցվել են ԵԱՀԿ Մշտական խորհրդի ընթացքում», նշել է նա:


Հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) ԱՄՆ առաքելությունը՝ ցավ հայտնելով Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի մոտալուտ փակման համար: Միեւնույն ժամանակ Միացյալ Նահանգները կոչ է անում ԵԱՀԿ-ին շարունակել համագործակցությունը Հայաստանի Հանրապետության կառավարության եւ քաղաքացիական հասարակության հետ: Մենք դիմում ենք ԵԱՀԿ նախագահությանն ու գլխավոր քարտուղարին՝ կոչ անելով նոր տարբերակներ գտնել Հայաստանում եւ Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներկայությունն ապահովելու համար:


Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն, անդրադառնալով ՀՀ-ում ԵԱՀԿ գրասենյակի շուրջ ընթացող զարգացումներոին, նշել է, որ գրասենյակի փակումը խորացրեց Բաքվի և քաղաքակիրթ աշխարհի միջև անջրպետը:Նրա խոսքով, ԵԱՀԿ ավստրիական նախագահության եւ մասնակից երկրների ջանքերը՝ Բաքվին կառուցողական դաշտ վերադարձնելու եւ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի բնականոն գործունեությանը չխոչընդոտելու ուղղությամբ, ապարդյուն անցան: