ԵԱՀԿ երևանյան գրասենյակը նախատեսվում է փակել եկող ամիսներին
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը նախատեսվում է փակել եկող ամիսներին. այս մասին Tert.am-ին հայտնել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի գրասենյակից: Պատասխանում, մասնավորապես, ներկայացված է.
«Հետևելով 2016 թվականի Գերմանիայի նախագահության լայնածավալ ջանքերին` ուղղված ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման շուրջ ստեղծված փակուղին լուծելուն, Ավստրիական նախագահությունը ևս զբաղվում է 8 խորհրդակցություններով համապատասխան բոլոր կողմերի հետ:
Ինչպես գիտեք, ապրիլի 21-ին և 22-ին, Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերը այցելել է Երևան և Բաքու՝ ուսումնասիրելու համար փակուղուց դուրս գալու ճանապարհները: Այդ այցից հետո մեկ այլ փոխզիջումային տեքստ ենթադրել էր տալիս, որ կարող են լուծվել բոլոր բաց խնդիրները:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ ԵԱՀԿ գրասենյակի գործող ղեկավարության հանդիպումները, Ավստրիայի նախկին նախագահ Հայնց Ֆիշերի այցը տարածաշրջան, բազմաթիվ փոխանակումները ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի և Ավստրիայի փոխարտգործնախարար Մայքլ Լինհարթի և երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների միջև, ինչպես նաև մշտական ոչ պաշտոնական խորհրդակցություններն ու ջանքերն այլ մասնակից երկրների կողմից, հաշտեցման չբերեցին:
Նախագահությունը հիմա դիմել է Գլխավոր քարտուղարին, որ հաշվի առնի նշված հանգամանքները` կապված ստատուս քվոյի հետ:
Որպեսզի հետագայում աջակցություն և համագործակցություն դրսևորվի Հարավային Կովկասում անվտանգության բոլոր ուղղություններով, մենք համոզված ենք, որ ԵԱՀԿ-ի ներգրավվածության այլընտրանքային տարբերակներ խորությամբ կուսումնասիրվեն»:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն, անդրադառնալով ՀՀ-ում ԵԱՀԿ գրասենյակի շուրջ ընթացող զարգացումներոին, նշել է, որ գրասենյակի փակումը խորացրեց Բաքվի և քաղաքակիրթ աշխարհի միջև անջրպետը: