Գյումրիում 102-րդ ռազմաբազայի շուրջ 200 աշխատակից գործադուլ է անում
Արդեն երկրորդ օրն է՝ Գյումրիում 102-րդ ռազմաբազայի բնակսպասարկման ոլորտի շուրջ 200 աշխատակից գործադուլ է անում: Պատճառն այն է, որ վերջին երեք ամիսներին աշխատավարձ չեն ստացել: Այս մասին տեղեկանում ենք «Առաջին լրատվական»-ից:
Աշխատակիցները աղբյուրի հետ զրույցում նշել են, որ նախկինում երբևէ աշխատավարձի այսքան ուշացում չի եղել: Հիմնական պատճառաբանությունն այն է, որ ֆինանսավորումը Ռուսաստանի Դաշնությունից է, գումարը Մոսկվայից ուղարկել են, սակայն տեղ չի հասել: «Ասում են՝ ուղարկել են, սխալ են ուղարկել, տեղ չի հասել, ու այդպես երեք ամիս»,- ասել է գործադուլավորներից մեկը:
Երեկ աշխատակիցները բողոքի ցույց են արել Գյումրիի փողոցներով, հասել են ռազմաբազա: «Իրենց խոստացած ժամկետն անցել է, դրա համար որոշեցինք գնալ այս քայլին: Հիմա հրամանատարը խոստացել է զբաղվել այս հարցով, այս ժամի դրությամբ որևէ պատասխան չի եղել»,- ասաց ռազմաբազայի աշխատակիցը:
VERELQ-ի հետ զրույցում ռազմաբազայի ներկայացուցիչ Անդրեյ Դոբրոսմիսլովը նշեց, որ մեկնաբանություն տվյալ հարցի շուրջ կարող է տալ միայն ՌԴ ՊՆ մամուլի խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը՝ այդպիսով զերծ մնալով խնդրի պարզաբանումից: