Արձակվեց զինծառայությունից ու տեղափոխվեց ԱԻՆ. Ապրիամովը՝ փոխնախարար
Էնրիկո Ապրիամով, Ֆոտո՝ tert.am
Նախօրեին Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատած եւ զինվորական ծառայությունից արձակված Էնրիկո Ապրիամովը արդեն այսօր նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
Այդ մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մայիսի 3-ին ստորագրել էր Էնրիկո Ապրիամովին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու և զինվորական ծառայությունից արձակելու մասին հրամանագիր:
Հատկանաշական է, որ որպես Էնրիկո Ապրիամովի պաշտոնից ազատման պատճառ մերձիշխանական լրատվամիջոցներից news.am-ը մատնանշում էր նրա առողջական վիճակը: «Գեներալ- լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել է առողջական խնդիրների պատճառով», - գրում էր աղբյուրը:
Իսկ ահա aysor.am-ը, որպես պատճառ նշել էր, որ Ապրիամովն ազատվել է պաշտոնից թոշակի անցնելու կապակցությամբ: