10.08.2026
Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
prev Նախորդ նորություն

Նեթանյահուն մերժել է Գազայի հարցով Թրամփի խաղաղության պլանը

Լուսանկարը` BBC
Լուսանկարը` BBC

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն պաշտոնապես մերժել է ԱՄՆ-ի առաջարկած 15 կետանոց խաղաղության պլանը՝ ընդգծելով, որ Գազայի հատվածից զորքերի դուրսբերումը բացառվում է մինչև ՀԱՄԱՍ-ի իրական և ամբողջական զինաթափումը։


Կիրակնօրյա կառավարության նիստի ժամանակ Իսրայելի վարչապետը հայտարարել է Դոնալդ Թրամփի նախաձեռնած փաստաթղթի անընդունելիության մասին։ Նրա խոսքով՝ իսրայելական բանակը կշարունակի չեզոքացնել սպառնալիքները և չի լքի անկլավը, քանի դեռ զինյալների կողմից զենքի հանձնման գործընթացը չի դարձել իրական՝ բացառելով «շինծու զինաթափման» ցանկացած սցենար։


Ավելի վաղ՝ հուլիսին, Թրամփի «Խաղաղության խորհուրդը» հայտարարել էր պաղեստինյան զինված խմբավորումների ամբողջական զինաթափման շուրջ համաձայնության հասնելու մասին՝ այն անվանելով «մոնումենտալ քայլ դեպի կայուն խաղաղություն և անվտանգություն»:


Այնուամենայնիվ, հակամարտող կողմերի դիրքորոշումները մնում են տրամագծորեն հակառակ: ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ ծանր սպառազինության հանձնումը հնարավոր է միայն իսրայելական ագրեսիայի ամբողջական դադարեցման և Գազայից զորքերի դուրսբերման պայմանով։ Ինչպես Reuters գործակալությանը հայտնել է խմբավորման բարձրաստիճան ներկայացուցիչը, կազմակերպությունը հավատարիմ է մնում հուլիսին Կահիրեում ձեռք բերված խաղաղության ծրագրին։


Ներկայումս, ինչպես նշել է Իսրայելի վարչապետը, Երուսաղեմը շարունակում է բանակցությունները ամերիկացի պաշտոնյաների հետ՝ հետագա գործողությունների ռազմավարությունը մշակելու նպատակով: