Պեդրո Ագրամունտը հրաժարական կտա
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը համաձայնել է հրաժարական տալ, բայց առաջ է քաշել իր նախապայմանը: Այս մասին հաղորդում է «Եվրոպեյսկայա գազետա»-ն:
Ագրամունտը պաշտոնապես իր հրաժարականի մասին կհայտարարի ԵԽԽՎ-ում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-րդի այցից հետո` մայիսի 29-ին: Իր առաջ քաշած պայմանն այն է, որ իրեն թույլ տան մնալ վեհաժողովի նախագահի պաշտոնում և դահլիճում գտնվել թագավորի այցի ժամանակ: Նշվում է, որ քաղաքական խմբերի ղեկավարները համաձայնել են այս պայմանի հետ` ինքնակամ հրաժարական տալու խոստման դիմաց:
Բոլոր ընթացակարգերը կտևեն շուրջ երկու ամիս և միայն հունիսին` ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ վեհաժողովը հնարավորություն կունենա ընտրել նոր նախագահ:
Աղբյուրը հիշեցնում է, որ երկուշաբթի օրը վեհաժողովում պաշտոնապես պահանջեցին Ագրամունտի հրաժարականը իր` ՌԴ ներկայացուցիչների հետ Սիրիա կատարած այցի համար: Բանավեճն ավարտվեց նրանով, որ Ագրամունտը ժամանակավորապես հրաժարվեց նախագահությունից: ՌԴ Պետդումայի և ԵԽԽՎ պատգամավորների պատվիրակությունը Սիրիա է այցելել մարտի վերջին, չնայած նրան, որ Ագրամունտը վեհաժողովի կողմից նման այցի իրավասություն չէր ստացել:
Բացի այդ, հիշեցնենք, որ Ագրամունտի անունը վերջին շրջանում բազմիցս է շրջանառվել նաև սկանդալային գործերի առնչությամբ, որի շրջանակում ԵԽԽՎ-ին մեղադրել են կաշառաերության մեջ: Նախօրեին հայտնի դարձավ, որ երեք անկախ փորձագետներից կազմված հանձնաժողովը կզբաղվի Եվրախորհրդի պատգամավորների հասցեին հնչող կոռուպցիայի մեղադրանքի հարցերով: ԵԽ նախագահությունը մեծամասնությամբ նման որոշում է կայացրել:
ESI գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Հերալ Կնաուսի կարծիքով՝ քննությունն ուշացած է: Նա նշել է, որ ESI-ը դեռ 2012-ին է պատմել, թե ինչպես է Ադրբեջանը փորձում ճնշում գործադրել ԵԽ-ի վրա: 2016-ին կազմակերպությունը գործի վերաբերյալ մի շարք մանրամասներ է հրապարակել, սակայն ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը որեւէ կերպ չի պատասխանել մեղադրանքներին: