3.06.2026
Հայաստանը նոր որակի տնտեսական զարգացման հնարավորություն ունի. Վահագն Խաչատուրյան
prev Նախորդ նորություն

Հայաստանը մտադիր է շարունակել բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին․ Գրիգորյան

Հայաստանը մտադիր է շարունակել բարեխղճորեն մասնակցել Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի, հավասար գործընկերության և անդամ պետությունների ազգային շահերի հաշվի առնելու սկզբունքների վրա։ Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում այս մասին հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։


«Կցանկանայի բոլոր ներկաներին մաղթել հաջողություններ, արդյունավետ և կառուցողական համատեղ աշխատանք, ինչպես նաև վստահություն հայտնել մեր պետությունների և քաղաքացիների շահերից բխող եվրասիական ինտեգրման հետագա զարգացման վերաբերյալ»,- ասել է Գրիգորյանը։


Փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանը բազմիցս վերահաստատել է իր հավատարմությունը ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցությանը՝ ի շահ անդամ երկրների տնտեսական կայունության և տնտեսական զարգացման ապահովման։ «Հայաստանի Հանրապետությունը մտադիր է շարունակել բարեխղճորեն մասնակցել Միության աշխատանքներին՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի, հավասար գործընկերության և ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների ազգային շահերի հաշվի առնելու սկզբունքների վրա»,- նշել է նա։


Գրիգորյանը հատուկ կարևորել է նաև Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին զուգահեռ ընթացող Եվրասիական տնտեսական ֆորումի օրակարգում ընդգրկված արհեստական բանականության թեման՝ ընդգծելով, որ դրա զարգացումն ու ներդրումը դառնում են երկրների տնտեսությունների մրցունակության բարձրացման և տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդման առանցքային գործոններից։Նրա խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակում արհեստական բանականության պատասխանատու զարգացման վերաբերյալ համատեղ հայտարարությունը կարևոր քայլ է՝ արհեստական բանականության ոլորտում անդամ պետությունների միջև համագործակցության համաձայնեցված մոտեցումների և արդյունավետ մեխանիզմների ձևավորման ուղղությամբ։


Փոխվարչապետը նշել է նաև, որ ծառայությունների, առևտրի ազատականացումը շարունակում է մնալ ԵԱՏՄ տնտեսական ինտեգրման խորացման հիմնական շարժիչ ուժերից մեկը։Միաժամանակ, նրա խոսքով, ազգային կարգավորումների որոշ ասպեկտներ դեռևս գործնական համաձայնեցման կարիք ունեն, ինչը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի անդամ պետությունների համագործակցության ամրապնդման, կարգավորող մեխանիզմների կանխատեսելիության և թափանցիկության բարձրացման, ինչպես նաև բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմանների ձևավորման համար։


Գրիգորյանն ընդգծել է նաև երրորդ երկրների հետ առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացման կարևորությունը։«Անհրաժեշտ է նշել գործող ազատ առևտրի համաձայնագրերի արդյունավետ և լիարժեք իրականացման, ինչպես նաև նոր համաձայնագրերի շուրջ բանակցությունների առաջմղման առանձնահատուկ նշանակությունը»,- ասել է նա։Փոխվարչապետի խոսքով՝ այդ ուղղությամբ զարգացման առանցքային գործոններից մեկը տրանսպորտային կապերի դիվերսիֆիկացումն է, որը զգալի խթան կհաղորդի ապրանքաշրջանառության աճին։


Գրիգորյանը կարևորել է նաև ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության զարգացումը և ողջունել է ագրոարդյունաբերական ոլորտի վրա կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմների տարածման վերաբերյալ արձանագրության ստորագրումը։Նրա համոզմամբ՝ այդ քայլը կնպաստի համագործակցության ընդլայնմանը և Միության շրջանակում պարենային անվտանգության ամրապնդմանը։ 


 

ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է Մոսկվա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՌԲԿ
01.06.2026
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցերը. Պեսկով