Եվրամիությունը շարունակելու է աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը։ Այդ մասին «Հայաստան-ԵՄ հարաբերություններ» քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 16-ին նամակով
դիմել է Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին՝ տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: Նամակում մասնավորապես նշված է, որ արդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից և այդ ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում:
«Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը... Ուստի, ես որոշում եմ կայացրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ», - նշում է նախագահը:
«Մենք կողմերին ցանկանում ենք կոչ անել հավատրիմ մնալ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ չնայած Հայաստանի խորհրդարանից արձանագրությունները հետ կանչելու որոշմանը»,-ասել է Հրիսթեան։ Նրա խոսքով, «Օսմանյան կայսրությունում իրականացված գազանությունների» տարելիցը Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների թեսթ է լինելու։
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Երևանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկոտրիա Նուլանդը ևս անդրադարձել է հայ-թուրքական արձանագրություններին: Չնայած այդ նախագահի որոշմանը՝ հետ կանճել արձանագրությունները, Վաշինգտոնը կարևորում է, որ Հայաստանն, այդուամենայնիվ, վերջնականապես դուրս չի եկել գործընթացից, ասաց փոխպետքարտուղարը: «Մենք հավատացած ենք, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը շարունակում է մնալ երկու երկրների համար կարևոր և օրակարգային: Մենք խթանելու ենք դա: Հայաստանը դուրս չի եկել այդ գործընթացից, և մեզ համար կարևոր է, որ գործընթացը կարող է շարունակվել», - նշել է նա:
Ինչպես հայտնի է, 2009 թ.-ին Շվեյցարայի Ցյուրիխ քաղաքում Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները նախաստորագրել էին երկկողմ հարաբերությունների կարգավորման և թուրքական կողմի նախաձեռնությամբ 1993 թ. փակված հայ-թուրքական սահմանի բացման մասին արձանագրություններ: Գործընթացը նախաձեռնել էին Ամերիկայի Միացյալ Նահանգները, սակայն նրանում մասնակցում էին նաև Եվրոպական միութունը և Ռուսաստանը:
Սակայն մի շարք պատճառներով, այդ թվում Բաքվի կտրուկ արձագանից հետո, Անկարան արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Երևանը մերժեց այդ դիրքորոշումը: Հարաբերությունների կարգավորման գործընթացը արգելակվեց և արձանագարությունները մինչ օրս չեն վավերացված երկու երկրների խարհրադարանների կողմից: Նշենք, որ ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Թուրքիան մինչ օրս չի ընդունել Ցեղասպանությունը: